15-09-2014 08:49

Այսօր Հրանտ Դինքի ծննդյան օրն է

Այսօր ստամբուլահայ հայտնի հասարակական գործիչ, լրագրող, հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան օրն է. կդառնար 60 տարեկան: Հրանտ Դինքը ծնվել է Մալաթիայում, 1954 թվականի սեպտեմբերի 15-ին: 1961 թվականին նրա ծնողները Ստամբուլ տեղափոխվելուց հետո բաժանվեցին, որի հետևանքով Հրանտը և 2 եղբայրները տեղավորվեցին Ստամբուլի Գեդիկփաշայի մանկատանը: Պատանեկան տարիքում հրապուրվել է ձախակողմյան կուսակցություններով և սկել քաղաքականության մեջ մտնել Թուրքիայի կոմունիստական կուսակցության ուղեգծով: Ստամբուլի համալսարանի բանասիրության ֆակուլտետն ավարտելուց որոշ ժամանակ անց ամուսնացել է մանկատան մյուս սաներից Ռաքելի հետ: Թերթերում աշխատանքը սկսել է որպես լույս տեսած գրքերի ընդդիմախոս և սկսել է հայտնի դառնալ նրանով, որ բավականին ուղղումներ է արել մամուլում լույս տեսած հրապարակումների հետ կապված: 1996 թվականի ապրիլի 5-ին լույս տեսավ «Ակոս»-ի առաջին համարը: Թերթի գլխավոր խմբագրի պաշտոնն ստանձնեց Հրանտ Դինքը: Նրա դեմ բացահայտ հետապնդումներն սկսվել են այն բանից հետո, երբ նա գրեց, թե Աթաթուրքի որդեգրած աղջիկը Ցեղասպանությունից փրկված հայուհի է եղել, ով հանդիսանում է նաև Թուրքիայի առաջին կին օդաչուն:
Դինքի դեմ կան մի անի դատական գործեր, որոնցից մեկով` տխրահռչակ 301-րդ հոդվածով նա դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման, սակայն պատիժը հետաձգվեց: Դինքն այդ վճռի բողոքարկումը հասցրեց մինչև Եվրադատարան և ցավոք, միայն նրա մահից հետո` 2010 թվականի սեպտեմբերի 15-ին, Եվրադատարանը Դինքին արդարացրեց և թուրքական իշխանություններին պարտավորեցրեց փոխհատուցել Դինքի ընտանիքին:
2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց «Ակոս» խմբագրության դիմաց: Նրա սպանության գործով դատը Թուրքիայում տեղի ունեցած բազմաթիվ ամոթալի դատական գործերից մեկն է: Սպանության գործով անչափահասների համար նախատեսված դատարանում 25 տարվա ազատազրկման դատապարտվեց Օգյուն Սամասթը, ով որոշակի արտոնություններից օգտվելով` կարող է 10 տարի անց հայտնվել ազատության մեջ: Թեև դատավարության ժամանակ մի շարք սկանդալային վկայություններ եղան, որոնք ապացուցում էին, որ Դինքի սպանության մասին նախօրոք տեղյակ են եղել ոստիկանությունն ու ժանդարմերիան, սակայն ոչ ոք լուրջ պատիժ չկրեց դրա համար: