Բավ է պառակտվել
17-05-2014 13:22

Շուրջ 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ այցելել են սահմանամերձ զորամասեր (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու և տեսակցելու իրենց զավակներին: Այս տարի Տավուշի, Սյունիքի մարզերի և ՀՀ հարավարևելյան սահմանամերձ տարածքների զորամասեր կուղևորվեն շուրջ 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ:

Կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը՝ ժամկետային զինծառայողների ծնողներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին` ցուցաբերվող վերաբերմունքի ու հատուկ ուշադրության համար: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ այցի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացված են: Նշվել է նաև, որ ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսներին կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները և ավտոբուսներում էլ ուղեկցողների կազմում կլինեն բժիշկներ: Հաշվի առնելով նախորդ այցելություններից հետո ծնողներից ստացած շնորհակալական խոսքերն ու, ընդհանրապես, այս նախաձեռնության դրական արձագանքը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ դա նաև պարտավորեցնում է, որ այսպիսի միջոցառումները լինեն շարունակական, ավելի հաճախակի ու բազմամարդ.

«Արդեն բարի ավանդույթ է դարձել սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների համար իրենց որդիների զորամասեր այցերի կազմակերպումը: Մտահղացումն առաջացել է հենց զինծառայողների ծնողների հետ իմ ունեցած տարբեր հանդիպումների ժամանակ: Նրանք առաջարկում էին նման հնարավորություն ընձեռել, և մենք մշակեցինք հստակ ծրագիր, համաձայն որի, ցանկացողները հնարավորություն ստացան տարին, առնվազն, երկու անգամ տեսակցելու իրենց որդիներին:

Մենք ամեն անգամ աշխատում ենք ավելի մեծ թվով ծնողների համար ստեղծել այդ հնարավորությունը, և այս անգամ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից շուրջ 1000 ծնողներ կայցելեն իրենց զավակներին, հենց տեղում կծանոթանան այն պայմաններին, որոնցում իրենց ծառայությունն են անցկացնում մեր զինվորները:»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ծրագրին աջակցելու և զորամասերում հանդիպումները կազմակերպելու համար:

Հայաստանի հարավարևելյան սահմաններ ուղևորվող ավտոբուսները մեկնել են երեկ ուշ երեկոյան, քաղաքապետարանի վարչական շենքի հարակից տարածքից, իսկ Տավուշի և Սյունիքի մարզեր ուղևորվող ավտոբուսներն այսօր վաղ առավոտյան: