Բավ է պառակտվել
31-01-2014 13:27

Կենցաղային ծայրահեղ պայմաններում ապրելով, տիկին Աննան միայն իր ամուսնուն է կարոտում

 Երևանի Էրեբունի համայնքում է ապրում 12-ամյա Անին: Մոխրագույն աչքերով ու ոսկեգույն մազերով այս աղջնակը իր սոցիալական պայմաններից ամաչելով պարզապես չէր էլ ցանկանում զրուցել, մի փոքր պատմել իր երազանքների մասին. ՛՛Ինձ փող չտաք, ոչ էլ կհայտարարեք, թե ուտելիք կամ հագած շոր բերեն, իմ մաման հացի փռումա աշխատում, ամեն օր տաք հացա բերում, համ էլ մամաս իմ համար ռետուզա առել, կոշիկ ունեմ…..՛՛:

Նրանց բնակարանը հազիվ  15քմ տարածք էր զբաղեցնում: Խոնավ, մութ ու ցուրտ սենյակ, որտեղ տեղակայված էր, թե՛ մահճակալը, թե՛ բազմոցը և թե՛ խոհանոցային մի քանի պարագաներ: ՛՛Անիս սիրո պտուղա՛՛,-պատմում է տիկին Աննան և ասում, որ ամուսինը մահացել է 2 տարի առաջ, ՛՛թոքաբորբ էր, չհետևեցինք, կրկնվեց ու մի առավոտ էլ չարդնացավ, շատ ծանր տարա, ես իմ Գագոյին սիրում էի, վայ են ոնց եմ կարոտել: Անիիս հետ գնում ենք գերեզման, որ տաք եղանակա լինում, նստում ենք մոտը, խոսում ենք, պատմում, թե ոնց ենք ապրում…՛՛:

Տիկին Աննան պատմեց, որ հանուն իր միակ սիրո՝ Գագիկի, հրաժարվել է սեական ծնողներից.՛՛ Դե Գագոս մի պահ նարկոտիկից կախում ուներ, դատված էր, բայց ինձ շատ էր սիրում, մի անգամ չի խբել կամ վատ բառ ասել, բա աղջկան ոնց էր սիրում, Աստված իմ մարդին չպետքա տաներ…՛՛:

Տիկին Աննան ամուսնուն հիշելով, մինչև զրույցի վերջն արցունքն աչքերին է եղել: Ցույց տվեց Գագիկի նկարները, բավականին համակրելի արտաքինով տղամարդ էր:

՛՛Գագոս աշխատելա բանվոր, ճիշտա հարուստ չէինք, էս փտած տան մեջ էինք ապրում, բայց ուրախ էինք, ըսկի մորս ու հորս կարիքը չեմ էլ զգացել: Հիմա ինձ չեն էլ օգնում, Անիին չեն էլ պահում, Նոր տարուն էլ չեկան, չասեցին փոքր երեխայա, մի տիկնիկ կամ կանֆետ բերենք՛՛:

Անին այնքան համես երեխա էր, տան մի անկյունում նստած, դաս էր սովորում: Մայրը պատմում է, որ ձմռան ամիսներին դժվարանում է աղջկան դպրոց ուղարկել, քանի որ Անին մրսում է ու հիվանդանում.՛՛ Աչքս վախեցածա, թոքաբորբից եմ վախենում, ունեմ-չունեմ՝ Անիիս ունեմ, իրա համար եմ ապրում՛՛,-պատմում է տիկին Աննան:

Հացի փռում աշխատող այս կինը, երբեք ոչ ոքից օգնություն չի ակնկալել, նշում է, որ ամուսինն էլ էր այդպիսին. ՛՛ Հարևաններն առաջարկում են գնամ ինչ –որ հաղորդումների մասնակցեմ, ոնց էլ լինի՝ օգնող կհայտնվի, բայց չէ, Գագոյիս դուր չի գա…՛՛:

Տիկին Աննան հացի փռում աշխատելով հազիվ կարողանում է սնունդի խնդիրը լուծել: Իսկ ահա լավ հագնվելու կամ բնակարանը վերանորոգելու մասին խոսք անգամ չի կարող լինել:

՛՛Ես չեմ վհատվում, քանի որ ամուսնուս խոստացել եմ, որ Անիիս լավ եմ նայելու, կաշխատեմ ու կպահեմ նրան, իսկ երբ մեծանա, Աստված մեծա, մի բան կլինի….՛՛:

Բարի հարևանների շնորհիվ տիկին Աննան կարողանում է հոգալ կենցաղային խնդիրները:  Իսկ ահա հարևան Թամարան միշտ էլ Անիին լավ է վերաբերվել, երբ տիկին Աննան աշխատանքի է , երեխայի մասին նա է հոգում:

Տիկին Աննան չցանկացավ որ իր լուսանկարը հայտնվի ինչ որ հանրային վայրում.՛՛ Չեմ ուզում հետո մատով ցույց տան, ասեն՝ էն աղքատ ընտանիքը, աղջիկս շատ կազդվի, ուղակի ուզեցի ամուսնուս ու իմ մեծ սիրո մասին կիսվեմ, էտքան բան…՛՛: