Բավ է պառակտվել
08-05-2014 15:21

Աղանդավորական կառույցը խաբեությամբ կնոջից 60 հազար դոլար է կորզել. ՄԵԼ

Այսօր, լրագրողների հետ հանդիպում ունեցավ «Միացյալ երիտասարդական լիգա» (ՄԵԼ) ՀԿ-ի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը, ով նշեց, որ «Պենտեկոստե» աղանդավորական կազմակերպությունը ցանկանում է լռեցնել իրենց: «Ցանկանում էր մեզ «քաղաքակիրթ» ձևով լռեցնել, հիմա էլ արդեն իբրև զրպարտություն դատական հայց են ուզում պատրաստել մեր դեմ»,- ասաց նա և նշեց, թե իրենք, իհարկե, փաստեր ունեն և շարունակում են պնդել, որ աղանդավորական այդ կառույցը մարդկանց խաբելով գումարներ է կորզում։

Նա խոսեց օրինակներով, թե իրենց է դիմել այդ կազմակերպությունից մի կին, ով ՀՀ քաղաքացի է, բայց այսօր բնակվում է Միացյալ Նահանգներում։ Նրանից խաբեությամբ կորզել է 60 000 դոլար։ Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ փոխանցման անդորրագիրն ունեն։

Երիտասարդ համանախագահը նշեց, որ իր նշված կրոնական կազմակերպությունը ցանցային մարքեթինգով է զբաղվում, իբրև թե օրհնված ապրանք է վաճառում, և դրա դիմաց գումար պահանջում։

Նա նույնիսկ դետալներ ներկայացրեց աղանդավորական շարժման անդամների քեֆից. «Եթե մի կին ասում է խորովածը շատ լավ բան է, առանց Հիսուս ոչ մի բան է, դրա մասին ի՞նչ կարող ենք ասել»։

ՄԵԼ համանախագահը նաև անդրադարձավ դեռ ամիսներ առաջ իրենց կողմից հայտնաբերված նոր աղանդի մասին, որը կոչվում էր «արևաբուժություն»։ «Աղանդում ընդգրկվածները կանայք են, ովքեր հավաքվում են, սկզբից թեյ են խմում, ապա հիպնոսի ենթարկում և տարբեր սեռական բնույթի բաներ հորդորում»,- ասաց նա։

Հարցին, թե կան այլ մանրամասներ տվյալ աղանդի գործունեության վերաբերյալ, և տեղեկացրել են համապատասխան մարմիններին, Սևակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Այժմ մենք զբաղվում ենք` մանրամասներ բացահայտելով, նրանք մեր ուշադրության կենտրոնում են: Միայն կարող եմ ասել, որ այս աղանդի ղեկավարներն ազատ սեռական հարաբերությունների քարոզ են անում»: