28-09-2016 15:34

Ավստրալացի ռեժիսորները բացառիկ ֆիլմ են նկարահանել հայկական խորովածի մասին

Ավստրալացի կինոռեժիսորներ Մեթյու Սալեհը և Ռոուզ Թակերը «Barbecue» վերնագրով վավերագրական ֆիլմ են նկարահանել, որը ներկայացնում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, խորովածի պատրաստման արվեստը:

Ֆիլմի վրա աշխատելիս, ռեժիսորները 9 ամսում այցելել են 12 երկիր: Մեթյու Սալեհը և Ռոուզ Թակերը խորն ուսումնասիրել են տարբեր մշակույթներում խորովածի պատրաստման հետ կապված տարատեսակ սովորույթները, որպեսզի հետագայում այդ ամենը միավորեն մեկ հետաքրքիր, ոգեշնչող և հումորային վավերագրական ֆիլմում:

«Բոլորը կարծում են, թե իրենց խորովածը լավագույնն է: Ուր էլ որ գնացել ենք, տեղական խորովածը լավագույնն էր: Եվ դրա շուրջ վիճել չի կարելի», - նշել է ռեժիսոր Ռոուզ Թակերը:

Թակերի խոսքով, նրանց այցելել են Շվեդիան, Ֆիլիպինները, Մոնղոլիան, ապա Հարավային Աֆրիկան, Հայաստանը, Սիրիայի սահմանին գտնվող փախստականների ճամբարը, Հորդանան, Ճապոնիա, Ավստրալիա և Նոր Զելանդիա, իսկ այս տարի այցելել են Ուրուգվայ, Մեքսիկա, ապա վերադարձել են Թեքսաս, որտեղ էլ ծնվել է վավերագրական ֆիլմը ստեղծելու գաղափաևը:

Պարբերականը նշում է, որ ճամփորդության ժամանակ ռեժիսորների հետ բազմաթիվ հետաքրքիր պատմություններ են կատարվել, որոնցից մեկը կապված է Հայաստանի հետ:

«Մենք ընտրում էինք այն երկրները, որտեղ ցանկանում ենք այցելել, երբ տեսանք մի տեսահոլովակ, որում տարեց մի տղամարդ պատմում է հայկական խորովածի մասին` անվանելով այն աշխարհում լավագույնը», - նշել է Մեթյու Սալեխը:

Ռեժիսորն ավելացրել է, որ համացանցում տեսահոլովակը հրապարակել է տղամարդու դուստրը, ով բնակվում է Մելբուրնում:

Նրա խոսքով, տեսահոլովակը շուրջ 5 մլն դիտում է հավաքել: «Մեզ այն զվարճալի թվաց: Մենք ուղղակի գրեցինք նրանց, և ծերունին մեզ համար սենյակ գտավ Հայաստանում», - ասել է Սալեհը:

Առաջիկայում ֆիլմը կներկայացվի տարբեր փառատոների, իսկ ավելի լայն հանրությանը հասանելի կդառնա 2017 թ.-ից: