27-09-2014 14:25

Ավետարանչական ընկերակցությունը ֆինանսավորում էր Րաֆֆի Հովհաննիսյանին. Ա. Ամարյան

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանն, այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ բոլոր գունավոր հեղափոխությունների ժամանակ խարիզմատիկ եկեղեցիների դերը շատ մեծ է: «Կրոնական կազմակերպությունները աչքաթող չեն արել, որ հոկտեմբերի 10-ին նախատեսված է ստորագրել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագիրը և ակտիվորեն սկսվել են աշխատանք տանել կրոնական կառույցների վրա»,- նկատեց Ալեքսանդր Ամարյանը:
Վերջինիս համոզմամբ խարիզմատիկ եկեղեցիների ներկայացուցիչները եկել էին Հայաստան և ներկայացնում էին, թե ինչ պետք է անեն անդամներն այստեղ: «Սա միանշանակ նշանակում է, որ արտասահմանյան կրոնական կառույցների ղեկավարները ակտիվորեն խնդիր են դրել օգտագործել քաղաքական իրավիճակը»,-ասաց նա և ավելացրեց, որ նախագահական ընտրություններին Ավետարանչական ընկերակցությունը ակտիվորեն ֆինանսավորում էր Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչի մասին ասել է Ավետարանչական ընկերակցության անդամներից մեկը:
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ցանկացած գործողություն՝ դա կլինի միջպետական պայմանագրի ստորագրում, թե՝ ընտրություն, արտասահմանը այն ակտիվորեն օգտագործում է իրենց խաղերի համար»,-ասաց նա: