01-10-2015 13:25

Աշխատանք է տարվում տարեցների կյանքը բարելավելու համար. Ա. Գևորգյան

«Ծերությունը կյանքի բնականոն ընթացք է, երբ հավաքում ես ցանածդ սերմերի պտուղները և արդեն պետք է վայելես վաստակածդ հանգիստը ու հարազատներիդ ջերմությունը»,- այս մասին այսօր՝ Ծերերի միջազգային օրը, նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը: Բանախոսը ասաց, որ նախարարությունը այսօր իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ մարդկանց արժանապատիվ ծերությունն ապահովելու համար: «Մեր երկիրը՝ հանձինս մեր նախարարության, բազում անելիքներ ունի այդ ոլորտում»,- նշեց նա, և տեղեկացրեց, որ Հայաստանի մշտական բնակչության թիվը այսօր 3 մլն 10.598 է, որից տարեց, այսինքն՝ 65 տարեկանը լրացած անձանց թիվը 323.134 է, որը կազմում է բնակչության ընդհանուր թվի 11,5%-ը: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը ծերացող երկիր է: Ա. Գևորգյանը նշեց, որ ՄԱԿ-ը 2002թ. Ընդունել է ծերացման հետևանքների հաղթահարման ռազմավարություն, որը վավերացրել է նաև Հայաստանը: Ըստ այդ ռազմավարության դրույթների Հայաստանը պարտավոր է տարեցների համար ապահովել սոցիալական ծառայությունների մատչելիություն ու հասանելիություն, բուժօգնության և բժշկական ծառայությունների մատչելիություն ու հասանելիություն, բնակարանային պայմանների բարելավում, խտրականության բացառում՝ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ զբաղվածության. «Առաջիկա հինգ տարիներին նախարարությունը նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ, ստեղծել այնպիսի հաստատություններ, որոնք տարեցների համար կապահովեն արժանապատիվ կենսապայմաններ»:  Նշենք, որ այսօր հանրապետությունում կան տարեցների խնամքի 9 շուրջօրյա կենտրոններ, որից 4-ը մասնավոր են, բայց ունեն պետական հովանավորություն: Բացի այդ կատարվում է նաև տնային պայմաններում տարեցների կարիքների սպասրկում:

Մարինե Բարսեղյան