05-09-2014 11:50

Աշխարհում 40 վայրկյանը մեկ ինքնասպանություն է լինում

Ամեն տարի ավելի քան 800 հազար մարդ ինքնասպանություն է գործում, աշխարհում յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ ինքնասպանություն է տեղի ունենում: Այդ տվյալները Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ինքնասպանությունները կանխելու վերաբերյալ առաջին զեկույցից են, գրում է Deutsche Welle-ն:

Ինքնասպանությունների հաճախականությունն առավել մեծ է 70 տարեկան և ավելի անձանց շրջանում: Այնուամենայնիվ, որոշ երկրներում այդ ցուցանիշն առավել բարձր է երիտասարդ մարդկանց շրջանում: Համաշխարհային մասշտաբով ինքնասպանությունը 15-ից 29 տարեկան անձանց մահվան երկրորդ պատճառն է, նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Տղամարդիկ ավելի հաճախ են դիմում ինքնասպանության, քան կանայք: Բարձր եկամտով երկրներում տղամարդիկ ինքնասպան են լինում երեք անգամ ավելի հաճախ, քան կանայք: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում տղամարդկանց և կանանց ինքնասպանությունների հարաբերակցությունը 1,5-ը 1-ի է:

Հայաստանում ինքնասպանությունների հաճախականությունը 2012 թվականին 100 հազար մարդու համար եղել է 2,9 ինքնասպանություն: Համեմատության համար՝ Վրաստանում այդ թիվը 3,2 է, Ադրբեջանում՝ 1,7, Ռուսաստանում՝ 19,5, Հյուսիսային Կորեայում՝ 38,5: Հայաստանում 2012 թվականին ինքնասպանություն է գործել 98 մարդ, որից 17-ը կին, 81-ը՝ տղամարդ: