03-03-2014 18:10

Մինչև տարեվերջ Հայաստանը կլուծի ԼՂՀ դպրոցների համակարգչայնացման հարցը

Պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 110 համակարգիչներ է հանձնել Արցախի հանրակրթական դպրոցներին: Համակարգիչների տրամադրումն իրականցվում է ԼՂՀ դպրոցներին համակարգիչներով ապահովելու ծրագրի շրջանակում: Նախատեսվում է, որ այս տարվա ընթացքում ամբողջությամբ կլուծվի ԼՂՀ հանրակրթական դպրոցներին համակարգիչներով ապահովելու խնդիրը: Հայաստանը ԼՂՀ դպրոցներին կտրամադրի նաև հայալեզու էլեկտրոնային կրթական ծրագրեր ու ուսումնական նյութեր: Արցախի հանրակրթական դպրոցներին համակարգիչներով ապահովելու հարցում աջակցություն է ցուցաբերել Երևանի պետական բժշկական համալսարանը: