Բավ է պառակտվել
07-02-2014 10:43

ՀՀ ԿԳ նախարարն անրադարձել է ուսուցիչների կրճատումներին

Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում կրկին անդրադարձել է դպրոցներում կրճատումների, ֆինանսավորման եւ մանկավարժների վերաբերյալ խնդիրներին:
Նա մասնավորապես, գրել է.
«Այո, որոշ դպրոցներում ընթանում են կրճատումներ: Փորձենք միասին հասկանալ այդ կրճատումների հիմնական պատճառը:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի հանրակրթական համակարգում աշակերտական համակազմի տատանումներ են արձանագրվում:
Սակայն մեզ դեռեւս հաջողվում է խուսափել մանկավարժների լայնածավալ կրճատումներից, չնայած այն հանգամանքի, որ իմ կողմից արդեն մեջբերված տվյալներով 24 578 ուսուցչական դրույքների վրա իրականում աշխատում է մոտ 40 000 մանկավարժ, այսինքն` շուրջ 15 000 ԱՎԵԼԻ!!!!
Այս անհամապատասխանությունն է հիմնական պատճառը, որ ուսուցիչների մի մասը, չունենալով լիարժեք ու ամբողջական ծանրաբեռնվածություն, աշխատելով կիսատ դրույքներով, չի ստանում ամբողջական, պետական բյուջեով նախատեսված աշխատավարձ:
Դպրոցները եւ մենք կանգնած ենք լուրջ ընտրության առջեւ` կամ պահել ամբողջական դրույքով աշխատող ուսուցիչներ, կրճատելով մնացածին, կամ կիսել դասաժամերը եւ պահել ավել ուսուցիչներ, որոնք աշխատում են ոչ լիարժեք ծանրաբեռնվածությամբ եւ փոքր աշխատավարձով:
Ու դպրոցներն իրենք են ընտրում, թե ինչ ճանապարհով գնալ:
Ի դեպ, այս հարցը անմիջական կապ ունի նաեւ դասավանդման որակի, մանկավարժական կադրերի երիտասարդացման եւ հանրակրթության ոլորտի այլ բազում հարցերի հետ:
Վերջնամասը` հաջորդիվ»:
Ավելի վաղ Աշոտյանը եւս անդրադարձել էր այս խնդրին՝ գրելով. «2014 թվականի պետական բյուջեով հանրակրթական դպրոցներում պետության կողմից ֆինանսավորվող դրույքների թիվը ոչ միայն չի նվազել, այլեւ ԱՃԵԼ է 1000-ից ավել ուսումնաօժանդակ եւ տնտեսական անձնակազմի հաշվին»: