Բավ է պառակտվել
29-04-2014 18:32

Աշոտյանը մանկավարժների աչքից ՛՛Գողեգող փախավ՛՛

Ավելի վաղ նշել էինք, որ այսօր ուսուցիչները բողքի ակցիա էին կազմակերպել ԿԳՆ շենքի մոտ և պահանջում էին հանդիպում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ: Նրանք դժգոհում էին, որ նախարարությունն իրենց աշխատավարձից 5 տոկոս պահում է անում: Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց պարտադիր կուտակային կենսաթոշակի պահումների դեմ բողոքի ակցիային մասնակցում էին նաև «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները: Հավաքի մեկնարկից մոտ մեկուկես ժամ անց ակցիային մասնակցող ուսուցիչներից մեկը բարկացավ ու նշեց, որ իր տեղեկությունների համաձան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հետնամուտքով հեռացել է նախարարությունից։

Նա հավելեց, որ Աշոտյանը գողեգող փախավ նախարարությունից: ՛՛Ես ամաչում եմ, որ մեր ղեկավարության մեջ կան տղամարդիկ, որոնք ազգին պետք է օրինակ դառնային, բայց գողից չեն տարբերվում, գողեգող փախավ՛՛,- հայտարարեց նա ու նշեց, որ կանանցից հարկավոր չէր վախենալ:

Նշենք, որ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը երկրորդ անգամ իջավ ցուցարարների մոտ եւ ասաց, որ մի քանի հոգուց կազմված պատվիրակությանը ընդունելու նախարարի առաջարկն ուժի մեջ է։ Նա փոխանցեց իր հեռախոսահամարը, որ մանկավարժները զանգահարեն իրեն հանդիպումը կազմակերպելու համար։

Գնալուց առաջ մանկավարժներն իրենց պահանջագիրը ներկայացրեցին, սակայն կրկին նախազգուշացրեցին, որ Աշոտյանից ՛՛ֆեյսբուքով՛՛ պատասխան չեն ակնկալում։ Ուսուցիչներն իրենց կոլեգաներին կոչ արեցին հաջորդ անգամ ոչ թե հոգեպես, այլ ֆիզիկապես միանալ իրենց։

Անդրադառնալով նախարարի պաշտոնում Արմեն Աշոտյանի վերանշանակմանը՝ ուսուցիչները նկատեցին, որ ապրիլի 3-ին կառավարության հրաժարականից հետո իրենք նախարար չունեին, բայց ինչպես այսօր պարզեցին, հիմա էլ նախարար չունեն:

՛՛Ձեր հույսը նախարարի վրա չդնեք, նա ձեզ ոչ մի բանով չի օգնելու, մենք նախարար ինչպես չենք ունեցել, այնպես էլ չունենք՛՛,- ասաց ուսուցիչներից մեկը։

Հավելենք, որ թերևս ուսուցիչները չէին ցանկանում ֆեյսբուքի միջոցով նախարարից պատասխան ստանալ, այդուհանդերձ, Աշոտյանը գրառում է կատարել և նշել, որ իր հետ մանկավարժները կարող են հանդիպել ու բանակցել ցանկացած հարցի շուրջ:

՛՛Նախարարի հետ հանդիպման հրավերը մնում է ուժի մեջ
Այսօր «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ կրթության և գիտության նախարարության առջև, որին մասնակցում էին նաև մանկավարժներ: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Վարչության պետը փոխանցել է նախարար Ա. Աշոտյանի հրավերն ակցիայի մասնակից մանկավարժներին` հանդիպել և քննարկել ոչ միայն կենսաթոշակային բարեփոխումների, այլ նաև կրթության ոլորտի հետ կապված այլ խնդիրներ:
ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը ևս հանդիպել է ակցիայի մասնակիցներին` իր հերթին նշելով, որ Ա. Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ակցիայի մասնակիցներին և քննարկել նրանց հուզող բոլոր խնդիրները:
Ուզում ենք ևս մեկ անգամ շեշտել, որ նախարարի հետ հանդիպման հրավերը մնում է ուժի մեջ, իսկ քննարկումները, հատկապես կրթության ոլորտի խնդիրների վերաբերյալ, հարկ է կազմակերպել աշխատանքային միջավայրում՛՛,-ասվում է գրառման մեջ: