15-01-2014 09:28

ՙԿառավարությունը շարունակում է լինել անտարբեր ու ագրեսիվ, իսկ գիտնականները՝ պայքարել և աշխատել. Ա. Իշխանյան

News,gisher.ru-ին հետաքրքրեց, թե ինչպիսին էր անցած տարին գիտության համար: Մեզ հետքրքրող հարցերի պատասխանները փորձեցինք գտնել ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, ֆիզ.-մաթ. գիտ. դոկտոր Արթուր Իշխանյանի հետ զրույցում: ՙԱնցած տարին գիտական աշխատողի ու գիտության համար առանձնապես ոչնչով չտարբերվեց նախորդներից՚,- այսպես իր խոսքը սկսեց պրն. Իշխանյանը: Ըստ նրա, նախորդ տարում ևս գիտական հանրության պայքարը շարունակվեց, որին զուգահեռ շարունակվեցին նաև կառավարության մերժումները, արդյունքում որևէ էական քայլ գիտության զարգացման համար կառավարության կողմից չարվեց: ՙՀիմնախնդիրների շարքում առանձնակի ուզում եմ նշել գիտության ծերացումն ու երիտասարդ կադրերի արտահոսքը: Կարող ենք ասել, որ որքան երիտասարդ քայլ է արել գիտություն, մոտավորապես նույնքան էլ արտագաղթել է՚,- ավելացրեց նա: Պրն. Իշխանյանը նաև որոշակի առանձնահատկություններ մատնանշեց, այդ թվում` հանրապետության առաջին դեմքերի մակարդակով լուրջ և աննախադեպ հայտարարությունները գիտության կարևորության մասին ու ապա` այդ հայտարարություններին հակասող գործողությունները: ՙՎարչապետ Տիգրան Սարգսյանը նախորդ տարվա սեպտեմբերի մեկին Արցախի պետական համալսարանում հայտարարեց, որ իր համոզմամբ` Արցախի ազատագրական պայքարի ճակատն այսօր հենց գիտության բնագավառում է: Այս հայտարարությանն անմիջապես նախորդել էր նախագահի խոսքն, ըստ որի` գիտությունը ռազմականից ոչ պակաս ռամավարական նշանակություն ունի պետության համար: Երկու կարևոր և խոստումնալից հայտարաություններ ու կարճ ժամանակ անց՝ սառը ցնցուղ՚, - նշեց Ա. Իշխանյանն ու շարունակեց. ՙԳիտության ֆինանսավորման ավելացման ուղղությամբ որևէ քայլ չարվեց։ Ապա, խորհրդանշական է, որ գիտելիքի համաշխարհային օրը՝ նոյեմբերի 10-ը որևէ կերպ չնշվեց որևէ պետական կառույցի կողմից: Բարձրագոչ խոսքերի իրական արժեքը միանշանակ երևաց այդ օրը ցուցաբերված վերաբերմունքով՚,- ասաց պրն. Իշխանյանը: Ըստ նրա, հանրապետության առաջին դեմքերը ոչ միայն զգուշացվել են այդ օրվա մասին, այլ նաև եղել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան դիմումներ, օրն ինչ որ կերպ նշելու համար:
Արթուր Իշխանյանի խոսքով` իսկ գիտական հանրությունն ինքը բավական արդյունավետ ինքնազարգացում է ապրել: Համապատասխան օղակներն, ըստ նրա, արդյունավետ են աշխատել, արդյունքում միջազգային կարևոր պայմանագրեր են կնքվել ու բազմաթիվ մրցույթներ են անցկացվել: Վերջում պրն Իշխանյանն ամփոփելով խոսքն ավելացրեց. ՙՆախորդ տարի ևս կառավարությունը շարունակեց իր ագրեսիվ և անտարբեր քաղաքականությունն, իսկ գիտնականները շարունակեցին պայքարն ու զուգահեռաբար շարունակում են անձնվեր աշխատանքն ու գրանցում լավագույն ցուցանիշներ՚: