24-12-2013 14:38

Եկող տարի Հայատանի արևելյան ուղղության արտաքին քաղաքականությունը չի փոխվի. փորձագետ

Այսօր կայացած մամուլի ասուլիսում, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարյանը, 2013-ին իրավիճակն Իրանում բավական թեժ ու ակտիվ գնահատեց, իսկ հայ-իրանական հարաբերությունների մասով մինչ այնտեղ տեղի ունեցած իշխանափոխությունը չէին հայտարարում, որ պատրաստ են Հայաստանին էժան գներով գազ մատակարարել.
«Հայաստանը դեպի Եվրոպա ձգտելու փոխարեն պետք է ձգտի նաև իր հարևանների հետ հարաբերությունները լավացնել: Այսօր Իրանում ունենք նախագահ, որը բավական ջերմ է վերաբերում ՀՀ-ին, ինչպես նաև այսօր արդեն Իրանի տնտեսությունը կայունանում է, սա մեզ հույս է ներշնչում»,- ասաց իրանագետը: Անդրադառնալով տարածաշրջանում Իրանի առաջիկա դերակատարությանը, բանախոսը նշեց, որ Իրանի դիրքորոշումը Սիրիայի հարցում կմնա անփոփոխ, իսկ տարածաշրջանում, եկող տարում Իրանը բավականին ակտիվ քաղաքականություն կիրականացնի:

«Արմեդիա» ՏՎԳ վերլուծաբան, միջազգայնագետ Սևակ Գոմցյանն էլ խոսելով Հայաստանի այս տարվա արևելյան ուղղության արտաքին քաղաքական զարգացումների արդյունքներից, նկատեց , որ Սիրիայի հարցում Հայաստանի դիրքորոշումն էապես չի փոխվի եկող տարվա ընթացքում, Հայաստանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը. «Հիմնական իրադարձությունները Սիրիայում կապված են եղել միջուկային զենքի հետ: Հզբոլլահին ցանկանում են դուրս բերել սիրիական հակամարտությունից: Եվ Հայաստանն այսօրվա գործող վարչակազմի հետ պատմական բարեկամական հարաբերություններ է ունեցել»,- ասաց նա:

Իսկ, 2014-ին Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման հավանականությունը, բանախոսը ռեալ չհամարեց:

Թեմայի շրջանակներում ասուլիսի մյուս բանախոս, ԵՊՀ-ի դասախոս, արևելագետ Նաիրա Մկրտչյանն էլ անդրադարձավ Չինաստանին՝ նշելով, որ վերջինիս հետ արդեն հաշվի են նստում ոչ միայն Արևելքում, այլ նաև Արևմուտքում: Այն իր տնտեսությամբ գրավել է աշխարհը:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի հետ հարաբերություններին, նա ասաց. «Ղարաբաղի հետ կապված Չինաստանը մնում է այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Հայաստանի հետ հարաբերությունները լավ են, բայց կարող են է՛լ ավելի լավ լինել»: