28-01-2016 18:30

Այսօրվա նման հիշում եմ առաջին մարտական հերթապահությունս առաջնագծում. պատգամավոր

«Ուղիղ քսան տարի առաջ, հրաժարվելով ասպիրանտական հավակնություններից, զորակոչվեցի ազգային բանակ` որպես սպա»,-news.gisher.ru-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Հիշելեվ բանակային օրերը ՀՀԿ խմբակցության անդամը նշեց, որ կարճ ժամանակ հետո նշանակվել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի հրամանատարի տեղակալ: «Այսօրվա նման հիշում եմ իմ առաջին մարտական հերթապահությունը առաջնագծում և առաջին հրամանները, երբ մեր դիմաց տեղակայված հակառակորդը իր մի շարք հենակետերից, կեսգիշերից սկսած ինտենսիվորեն խախտում էր հրադարարի ռեժիմը` գնդակոծելով մեր դիրքերը: Դա ինձ համար առաջին փորձությունն էր սահմանագծում, որտեղ և ունեցա աննկարագրելի ապրումներ ու հիացմունք` կապված 18-20 տարեկան երիտասարդ Հայ Զինվորի մարտական ոգու ամրության և պատերազմ տեսած տակավին երիտասարդ հրամանատարների հմտության դրսևորումների հետ»,-պատմեց Արտակ Զաքարյանն ու շարունակեց. «Խնամքով թաքցնելով իմ՝ առաջին անգամվա համար փոքր ինչ շփոթվածությունը` հեռակապով ղեկավարում էի մեր դիրքերի գործողությունները»: Հավելելով խոսքը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ առավոտյան, երբ ամեն բան ավարտված էր. հասկացել, որ ապրել է իսկական ծառայության իր առաջին օրը։ «Այդ օրը, տեսնելով մեր զինվորների ու սերժանտների ինքնավստահ գործողությունները, ես էլ ավելի մեծ հպարտություն ապրեցի մեր բանակի համար։ Համոզվեցի, որ ազատամարտի հերոս տղերքի անմահ գործի արժանի փոխարինողն ու անկոտրում պաշտպանը մեր երիտասարդ բանակն է»,-ընդգծեց զրուցակիցս: Արտակ Զաքարյանի համոզմամբ՝ մեր երկրի համար Զինվոր լինելը յուրաքանչյուրիս օրենսդրական պարտավորություն չէ միայն, դա առաջին հերթին բարոյական պարտք է: «Լրանում է Հայկական զինված ուժերի 24-րդ տարեդարձը։ Ցանկանում եմ գլուխ խոնարհել Արցախյան ազատամարտում ու դեռևս չավարտված պատերազմում զոհված Հայ Զինվորների շիրիմների առջև, մեր ընկած ընկերների ու եղբայրների առջև, նրանց մայրերի ու հարազատների առջև: Շնորհավորում եմ բոլորիս ու երախտիքի խոսքեր հղում մեր փառապանծ բանակի ողջ անձնակազմին: Փառք ու պատիվ քեզ Հայ զինվոր ու հրամանատար»-ամփոփեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամը:

 

Տաթև Առաքելյան