01-09-2014 13:46

ՀՀ առողջապահության նախարարն անկեղծացավ. դպրոցում առաջադիմությամբ չի փայլել

Բազմաթիվ մանուկներ այսօր, սեպտեմբերի 1-ին առաջին անգամ դպրոց այցելեցին, ոմանք ուրախ են, ոմանք էլ՝ արցունքն աչքերին: Փոքրիկ Ալինան 6 տարեկան է, դպրոցում մի տեսակ խուճապային վիճակում է հայտնվել.՛՛Չեմ ուզում դպրոց գալ, այստեղ շատ երեխաներ կան, ես չեմ ուզում իրենց մոտ մնամ ու մամաս գնա՛՛,-բավականին հուզված ասաց Ալինան, սակայն նշեց, որ մինչ դպրոց գալը, մայրիկը իրեն մի քանի տառ ու թիվ է սովորեցրել:
Ընդհանուր առմամբ դպրոցներում ուրախ և տոնական տրամադրություն է: Իսկ ահա շատ ու շատ պետական այրեր այսօր այցելել են տարբեր դպրոցներ անձամբ շնորհավորելու երեխաներին ու մաղթելու հաջող ուսումնական տարի:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այսօր այցելել էր իր հարազատ՝ Պուշկինի անվան դպրոց և մասնակցել նոր ուսումնական տարվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:
՛՛Իմ առաջին ուսուցչուհին Մարգարիտա Աբրահամովնան էր: Հիշեցի այն բոլոր ուսուցիչներին, որոնց հետ կապված են իմ մանկական լավագույն հիշողությունները: Շատ հուզումնալից ու ոգևորիչ օր է՛՛:

Նախարարն անկեղծացավ, առաջադիմությամբ չի փայլել, սակայն եղել են առանձին առարկաներ, որոնք սիրով պարապել է, եղել են նաև այնպիսիները, որոնք չի սիրել:

՛՛Չեմ ուզում սեպտեմբերի 1-ին մեր մանուկներին նման օրինակ ծառայել, որ առանձին առարկաներից խուսափեն: Ինձ համար հիմնականում ծանր էին լեզվի դասերը, բայց պատմությունը, աշխարհագրությունը, հետո նաև այն առարկաները, որոնք կապված էին իմ ընտրած մասնագիտության հետ՝ մեծ հաճույքով էի սովորում՛՛,- պատմեց նա:

Ա.Մուրադյանը ապագա սերունդներին հաջողության հասնելու խորհուրդներ էլ տվեց. ՛՛Աշխատասիրությունը հաջողության ամենամեծ գրավականն է: Երկրորդը՝ ընկերություն անելու հնարավորությունը: Հետո, իհարկե, ընտանիքը, ծնողները, հայրենիքը: Կարծում եմ՝ այս գաղափարներն ընկալելն այս տարիքում դեռ շուտ է և շատ բան կախված է ծնողներից, թե ինչպես են նրանք կարողանում երեխաներին ներկայացնել այս գաղափարներն ու օրինակ ծառայել նրանց համար՛՛: