Բավ է պառակտվել
10-02-2017 14:25

Ռուսաստանում ձերբակալել են «Շաքար» մականունով հայ օրենքով գողին (Տեսանյութ)

Բալաշիխայում, թմրանյութեր պահելու մեղադրանքով, վերջին ութը տարում արդեն չորրորդ անգամ ձերբակալվել է «Շաքար» մականունով Զաքրո Սուկիազովը:
Նշենք, որ 1959 թվականին Թբիլիսիում ծնված Զաքրոն աչքի էր ընկել ռուսական երկու մայրաքաղաքներում էլ, բայց 1980-ականների վերջին, հերթական կալանքից ազատվելուց հետո հարազատ Վրաստան էր վերադարձել, ինչից հետո ընդհատակ էր անցել և երկու տարուց ավելի նրա մասին որևէ տեղեկություն չկար: Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության գալու, և կոշտ «հակագողական» միջոցառումներ ձեռնարկելուց հետո Շաքարը Մերձմոսկվա էր տեղափոխվել:
Առաջին անգամ նրան ձերբակալել էին 2009թ. հունիսին՝ Վոլգոգրադյան մայրուղու 24-րդ կիլոմետրի վրա: Խուզարկության ընթացքում քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել էր 10,6 գրամ մեթադոն:

  


2012թ. մայիսին նրան ձերբակալել էին Մերձմոսկվայում՝ հերոյինի երկու փաթեթներով, իսկ տաս ամիս անց՝ 2013թ. փետրվարին, նա բռնվել էր Բալաշիխայում՝ գրպանում 4,8 գրամ հերոյինով: Նույն թվականի մայիսին դատարանը նրան դատապարտեց երեք տարի ազատազրկման:
Այս անգամ Mercedes-Benz-ը, որի ղեկին գտնվել է «Շաքարը», կանգնեցվել է նույն Բալաշիխայում՝ Լենինի պողոտայում: Խուզարկության ընթացքում օրենքով գողի մուշտակում հայտնաբերվել է А4 ֆորմատի զգուշորեն ծալած թուղթ՝ մեջը 5 գրամ հերոյինով:
Նման քանակի թմրանյութեր պահելու համար նախատեսվում է մինչև 10 տարի ազատազրկում: Կասկածյալը կալանքի տակ է առվել:
Չնայած ժամանակավոր անհետացմանը, Սուկիազովը, ով փոխելով ազգանունը դարձել է Սուկյազով, համապատասխան ազդեցություն ունի քրեական շրջանակներում և սերտ հարաբերությունների մեջ է մերձմոսկովյան շատ օրենքով գողերի հետ: Նա լավ իրազեկված է հանցավոր միջավայրում տիրող իրավիճակից: