Բավ է պառակտվել
16-04-2015 13:04

Դավութօղլուի հայ խորհրդականը ազատվեց աշխատանքից

Թուրքիայի վարչապետի խորհրդական Էթյեն Մախչուպյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Աշխատանքից ազատելու պատճառը իբրև թե նրա թոշակի տարիքն է: Դեռ ավելին՝ թուրքական լրատվամիջոցների պնդմամբ, Մախչուպյանը աշխատանքից ազատվել է դեռևս մարտի 9-ին: Ասինքն, այն պահին, երբ նա հայտարարեց, որ1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն էին, նա արդեն Դավութօղլուի խորհրդականը չէր: Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, Մախչուպյանը Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ տեղի ունեցած զանգվածային ջարդերը անվանեց Ցեղասպանություն: «Եթե մենք խոստովանում ենք, որ Բոսնիայում և Աֆրիկայում տեղի ունեցածը Ցեղասպանություն էր, ապա անհնար է չճանաչել հայերի հետ 1915 թվականին կատարվածը որպես Ցեղասպանություն», - ասել էր նա: Մեկնաբանելով Հռոմի Պապ Ֆրանսիսկոս Առաջինի հայտարարությունը՝ Մախչուպյանը նշել էր, որ «Վատիկանը թեթևացրեց իր 100-ամյա հոգեբանական բեռը»: Մախչուպյանի կարծիքով՝ «ցեղասպանություն» եզրույթը հայերի համար հսկայական հոգեբանական նշանակություն ունի: «Կարևոր է առերեսվել անցյալին: Կարևոր է հասկանալ, դասեր քաղել և միասին ապագա կառուցել», - ասաց նա: Մախչուպյանի խոսքերը հակասում են իր ղեկավարության դիրքորոշմանը, որը կոպտորեն քննադատել է Հռոմի Պապին՝նրան մեղադրելով «չարիքի կողմը անցնելու» մեջ: