Բավ է պառակտվել
15-11-2016 15:15

Հայոց լեզուն մշտական մասնագիտության կարգավիճակ կստանա Պեկինի համալսարանում

Պեկինի օտար լեզուների համալսարանում «Հայոց լեզու» առարկային մշտական մասնագիտության կարգավիճակ կտրվի: Այդ մասին ասվել է ՉԺՀ կրթության նախարար Չեն Բաո Չենի հետ Չինաստան այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակության հանդիպման շրջանակում:
Երկու նախարարները մանրամասն քննարկել են Հայաստանում կառուցվող չինական դպրոցի գործունեության հեռանկարները, կարևորել դպրոցին տարածաշրջանային նշանակություն տալու հարցը, ինչպես նաև վերապատրաստումների համակարգ ունենալու հնարավորությունը:
ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Երևանի չինական դպրոցի կառուցման աշխատանքներին չինական կողմի աջակցության համար: Քննարկվել են նաև երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և կապերի ամրապնդման մի շարք հարցեր:
Չինաստանի կրթության նախարարը ողջունել է Պեկինի մանկավարժական համալսարանի և Երևանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` համատեղ ծրագրեր իրականացնելու և կրկնակի դիպլոմ տրամադրելու ուղղությամբ:
Կողմերը պայմանավորվել են գարնանը կազմակերպել Պեկինի մանկավարժական համալսարանի և Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխավոր գրասենյակի պատվիրակների այց Հայաստան, որի ընթացքում կկնքվեն համապատասխան պայմանագրեր: