Բավ է պառակտվել
25-04-2016 08:41

Ջորջ Քլունին կենաց է ասում

Ամերիկյան հայտնի դերասան, «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին Երևանում այսօր անցկացված միջոցառմանը նշեց, որ որոշ ժամանակ անցկացնելով Հայաստանում, հասկացել է, որ հայերի ամենասիրելի զբաղմունքներից մեկը կենաց ասելն է:

«Ես հիմա ցանկանում եմ իմ կենացն ասել` այս մրցանակաբաշխության կազմակերպիչների` Ռուբենի, Նուբարի ու Վարդանի կենացը։ Այս, ինչ արել ու անում եք դուք, բացառիկ է, եթե մրցանակ տայինք մեկ այլ տեղ, հավանաբար ձեզ կտայինք: Ես հպարտ եմ ձեզ համար»,-ասաց նա:

Ջորջ Քլունին նշեց, որ Հայոց ցեղասպանության հիմքում ընկած է դաժանությունը, մի ամբողջ ժողովրդի նպատակադրցված բնաջնջումը:

«Հայ ժողովրդի հետ դա կատարվեց 101 տարի առաջ, ու աշխարհի տարբեր ծագերում տեսնում ենք դրա շարունակությունը: Բայց դրա հետ միասին, ես տեսել եմ նաև խիզախություն ու բարություն, ու այսօր մենք մեծարում ենք դրա լավագույն օրինակները: Քլունի ընտանիքը սովի պատճառով Իռլանդիայից գաղթել էր ԱՄՆ. մենք բոլորս կանգնած ենք մեր կարիքի պահին հայացք չթեքած մարդկանց կողքին: Եթե ուզում ենք գոյատևել իբրև տեսակ, ուրեմն իրավունք չունենք հայացք թեքել ոչ Սիրիայի, ոչ Հարավային Սուդանի, ոչ Կոնգոյի ժողովրդից, նրանց ասում են փախստականներ, բայց նրանք սովորական մարդիկ են՝ մեզ պես»,-ասաց նա:

Ջորջ Քլունին նշեց, որ «Ավրորա» մրցանակը խրախուսում է այն խիզախությունը, որն ավելին է, քան շատերը կարող են անել իրենց կյանքի ընթացքում:

«Նրանք եղել են սովորական մարդիկ, բայց տեսել են անարդարություններ ու քայլ կատարել, դրա համար մենք պատվում ենք նրանց: Մենք պատվում ենք այն 1.5 մլն կյանքերը, որոնք նահատակվեցին 101 տարի առաջ` ողբերոգությունը իր անվամբ կոչելով` ցեղասպանություն, Հայոց ցեղասպանություն: Հիտլերն ասել էր` «ո՞վ է հիշում այսօր հայերին»: Ահա պատասխանը` ամբողջ աշխարհը, ահա թե ով»,-խոսքն ավարտեց նա: