Բավ է պառակտվել
14-12-2017 13:27

Հայ դատապարտյալները տեսակապի հնարավորություն կունենան

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին կայացած նիստին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ուղղիչ հաստատություններում և կալանավայրերում ներքին կանոնակարգի սահմանման մասին» օրենքի փոփոխություններին։
Ինչպես նշել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, հարցի էությունը կայանում է անազատության մեջ գտնվող անձանց համար ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապը պահպանելու հնարավորությունների ստեղծման մեջ:
«Այս գաղափարը մշակվել է Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության շրջանակներում, և հիմա մենք քայլեր ենք ձեռնարկում այն իրագործելու ուղղությամբ», – ավելացրել է Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ ազատազրկման վայրերում կան դատապարտյալներ, ովքեր մի շարք պատճառներով չեն կարողանում կապվել հարազատների հետ: Վերջիններս կամ արտերկրում են գտնվում, կամ Հայաստանում են ապրում, բայց այնքան հեռու, որ դժվարանում են օգտվել կարճ տեսակցության հնարավորությունից:
« Մենք ծրագրում ենք այդ դատապարտյալներին ամիսը երկու անգամ տեսակապի հնարավորություն ընձեռել: Այդ որոշման ընդունումից հետո անհրաժեշտ կլինի համապատասխան տեխնիկական միջոցներ տրամադրել, ինչն էլ մենք կանենք, և արդեն 2018 թվականի նոյեմբերից կկարողանանք կիրառել տվյալ նորարարությունը»,- հավելել է նախարարը: