Բավ է պառակտվել
30-01-2017 14:05

Կանխվել է Վերին Լարսի անցակետով սառեցված թռչնամսի անօրինական ներկրումը

ՀՀ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունը կանխել է պաստառի անվան տակ սառեցված թռչնամիս Հայաստան ներկրելու փորձը, հաղորդում է ՀՀ մաքսային ծառայությունը:
Գերատեսչության հաղորդմամբ, ԵՏՄ երկրներից ներկրվող ապրանքները գտնվում են Պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում: Որոշ տնտեսվարողներ, օգտվելով ԵՏՄ երկիրներից ապրանքների ներմուծման գործընթացի ազատականացումից, սահմանին տարբեր հնարքներով փորձում են շրջանցել մաքսային հսկողությունը:
ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունն օրերս նմանատիպ դեպք է բացահայտել. ՀՀ քաղաքացին ՌԴ Վերին Լարս մաքսակետում հայտարարագրել է 22,5 տոննա պաստառ: Այնինչ, Բագրատաշենի մաքսակետում ՆՀՎ աշխատակիցները, «Rapiskan» ռենտգեն համակարգով զննելով բեռը, մաքսային կանոնների ակնհայտ խախտում են արձանագրել: Նրանց ուշադրությունից չի վրիպել նաև այն հանգամանքը, որ պաստառը փորձել էին տեղափոխել սառնարանային բեռնատարով: Զննման արդյունքում պարզվել է, որ քաղաքացին շինարարական պաստառի փոխարեն փորձել է սառեցված թռչնամիս ներկրել:
Հաղորդագության համաձայն, 2016-2017 թվականների ընթացքում հայտնաբերվել է ԵՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ մաքսային կանոնների խախտման 35 դեպք: Իրավախախտները հիմնականում փորձ են արել չհայտարարագրված կամ տարանցիկ սխալ հայտարարագրմամբ հանրապետություն ներկրել պարենային, տնտեսական ապրանքներ, կոսմետիկ միջոցներ, ավտոպահեստամասեր և այլն: Սակայն մաքսային իրավախախտումների բոլոր փորձերը կանխվել են: