Բավ է պառակտվել
15-09-2016 17:32

Հայ հնագետները պատմել են նոր բացառիկ գտածոյի մասին

Հայ հնագետները հինգշաբթի լրագրողներին ներկայացրին 2016 թվականին անցկացրած պեղումների արդյունքները` պատմելով բացառիկ գտածոների մասին։

«Այս տարի մենք հունիսից դաշտային հետազոտական աշխատանքներ ենք սկսել, և այս պահին պեղումները շարունակվում են։ Մտադիր ենք պեղումների սեզոնն ավարտել հոկտեմբերի վերջին»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։

Այնուամենայնիվ, ըստ նրա, իրենք արդեն լավ արդյունքների են հասել, որոնք կներկայացնեն հանրությանը։

«Ընդհանուր առմամբ, այս տարի մենք 20 ծրագրեր ենք ներկայացրել երկրի տարբեր մարզերում` սկսած Կապանից մինչև Ալավերդի։ Այսինքն` հյուսիսից հարավ։ Այս տարվա ամենատպավորիչ արդյունքը Գեղարոտ բնակավայրի պեղումներն էին։ Այնտեց հայ–ամերիկյան մեծ արշավախումբ էր աշխատում, որն ավարտել է պեղումները մոտ 20 օր առաջ»,– ասաց Ավետիսյանը։

Ըստ նրա, հենց այնտեղ են հայտնաբերվել տարածաշրջանում բացառիկ շինություններ, որոնք դամբարանի մի մաս են եղել և գտնվել են Քրիստոսի ծնունդից առաջ 3–րդ հազարամյակին վերաբերող բնակավայրի անմիջապես կողքին։ «Դա վաղ բրոնզեդարյա շինություններ են»,– ընդգծեց Ավետիսյանը։

Նա ավելացրեց, որ, ամենայն հավանականությամբ, շինությունը գերեզմանոցի մի մաս է եղել։ Ըստ նրա, արշավախումբը հայտնաբերել է նաև ծիսական բնույթի այլ շինություններ։

«Վաղ բրոնզի դարաշրջանի մշակույթը տարածված է եղել և Վրաստանում, և Հյուսիսային Կովկասում, ինչպես նաև Իրանի, Թուրքիայի տարածքում, ընդհուպ մինչև Միջերկրական ծով։ Տարածքի ողջ երկայնքով պատմական հուշարձանների ուսումնասիրության աշխատանքներ են տարվում։ Այնուամենայնիվ, մինչ այս պահը նմանատիպ գտածոներ ոչ մի տեղ չեն եղել։ Դա կարելի է մեծ ձեռքբերում համարել»,– ընդգծեց Ավետիսյանը։

Ըստ նրա, ուսումնասիրելով վաղ բրոնզի բնակավայրերը, շատ հազվադեպ է հաջողվել գտնել այդ ժամանակահատվածի դամբարաններ։ «Մենք աշխատում ենք կամ առանձին տարածքներում, որտեղ գտնվում են դամբարաններ, կամ բնակավայրերում։ Իսկ այս անգամ մենք պեղել ենք անմիջապես բնակավայրի կողքին գտնվող դամբարաններ և դրանց պատկանող շինություններ»,– ավելացրեց Ավետիսյանը։

Նա ընդգծեց, ոև տվյալ գտածոն թույլ կտա ուսումնասիրել այդ ժամանակահատվածի հուղարկավորության ծիսակարգը։