Բավ է պառակտվել
11-04-2016 08:53

Հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին

ԼՂՀ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացված զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին, այս մասին ԶԼՄ-ներին հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
«Հայկական կողմին 18 զոհվածի մարմին է փոխանցվել, իսկ ադրբեջանական զոհերի փոխանակման մասին հստակ թիվ չենք կարող նշել»,- ասել է նա:
Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, համաձայն ԼՂՀ և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության` իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում։
Փոխանակումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է։ Երևանը հաղորդել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարել է Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։ Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չի կնքվել։ Երկու կողմերը հայտարարում են փոխադարձ պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։