Բավ է պառակտվել
17-07-2017 13:53

Հայ մտավորականները կոչ են անում փրկել Սևանը՝ ներառելով այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

Հայ մտավորականների խորհուրդն ահազանգում է, և հայտարարում Սևանա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կազմում ընդգրկելու անհրաժեշտության մասին:
Հայաստանի խորհրդարանը հուլիսի 6-ին կայացած նիստին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Օրինագծով նախատեսվում է 2017թ-ին ոռոգման նպատակով ավելացնել Սևանա լճից ջրառի ծավալները, ինչը կհանգեցնի լճի մակարդակի իջեցման: Բնապահպանների կարծիքով Սևանից ջրառի ավելացումը լիճը կկանգնացնի ճահճացման վտանգի առաջ:
Ինչպես երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել էր Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, լիճը հնարավոր է փրկել՝ այն ընդգրկելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կազմում, որն էլ իր հերթին կսկսի զբաղվել լճի պահպանությամբ:
ՀՀ մտավորականների խորհրդի անդամները դիմում-նամակ են պատրաստել ուղղված ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին և մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, որում արտահայտել են իրենց խիստ անհանգստությունը ԱԺ-ի ընդունած որոշման կապակցությամբ, և համապատասխան մարմիններին կոչ են արել միջոցառումներ ձեռնարկել՝ Սևանա լիճը «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կազմի մեջ ընդգրկելու նպատակով:
«Մեր նամակն արդեն պատրաստ է, այսօր այն կուղարկվի»,- հայտարարել է Սարգսյանը:
Նրա խոսքերով Սևանը համաշխարհային ժառանգության ցանկում ներառելով լճի վրա պատշաճ վերահսկողություն կսահմանվի: Դա կօգնի միջազգային հանրության ուշադրությունը սևեռել դեպի Սևանը, ինչպես նաև կնպաստի տուրիզմի զարգացմանը:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն իր հերթին հիշեցնում է, որ Սևանը ներկայացուցչական ցուցակում ներառելու գաղափարը վաղուց է եղել: Նման առաջարկով էր հանդես եկել Ռուսաստանը: 2013թ. ՄԱԿ-ին դիմելու նախաձեռնությամբ էր հանդես եկել ռուս ակադեմիկոս Նիկոլայ Դրոզդովը: Այն ժամանակ միջազգային բնապահպանների խումբը լիճն ուսումնասիրելու նպատակով այցելել էր Հայաստան, սակայն նրանց վճիռը սփոփիչ չէր՝ Սևանը չէր համապատասխանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանած նորմերին:
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին կից գործող հիդրոէկոլոգիա և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն իր հերթին նշում է, որ առաջին և գլխավոր պատճառների թվում փորձագետները նշել էին լճի առափնյա տարածքներում իրականացվող տնտեսական գործունեությունը, ինչպես նաև մեծ քանակներով ձկան որսը:
«Փորձագետները պնդում են, որ Սևանն անբարենպաստ է նույնիսկ տուրիզմի համար, քանի որ լիճ են թափվում կենցաղային-կոյուղաջրերը»,- ասել է Ղուկասյանը:
Նրա խոսքերով, Սևանա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կազմում ընդգրկելը կզսպի Հայաստանի իշխանություններին, ովքեր կսկսեն պատասխանատվություն կրել ոչ միայնՀայաստանի ժողովրդի, այլ նաև միջազգային հանրության առաջ:
Սևանա լիճը՝ Եվրասիայի ամենամեծ բարձրլեռնային լճերից է, որը տեղակայված է հայկական լեռնաշխարհի սրտում՝ 1914 մետր բարձրության վրա: Լճի երկարությունը՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք ավելի քան 70 կմ. է, իսկ նրա ջրային հայելու մակերեսը գրեթե 1,5 հազ. քառակուսի կմ. է:
Լճից սկիզբ է առնում միակ ակունքը՝ Հրազդան գետնը (Արաքսի վտակ), ընդ որում նրա մեջ թափվում է 28 գետ, որոնց ավազանների ընդհանուր մակերեսը կազմում է 2776 քառ. կմ.: 2030թ նախատեսվում է լճի մակարդակը բարձրացնել մինչև 1903,5 մետրը: