11-03-2016 14:45

«Տիտանիկի» հայերը. Ովքե՞ր էին նրանք և ինչպե՞ս փրկվեցին

Քանի՞ հայ կար և ի՞նչ էին կորցրել նրանք «Տիտանիկի» վրա: Մեկ դար առաջ բոլորը հավատում էին, որ «Տիտանիկը» մարդու ստեղծած կատարելությունն է ու երբեք չի կործանվի: «Սաութհեմփթոն» նավահանգստում խարիսխ ձգած, հսկա ու շքեղ նավը նման էր Նոյյան Տապանին: Այն տեղավորում էր բոլորին` հարուստներին, աղքատներին, նոր մտավորականներին ու հին բուրժուաներին, պարունակում էր ֆրանսիացի իմպրեսիոնիստների կտավներ, գերմանական մեքենաներ ու իտալական գինիներ: «Տիտանիկում» 3 կարգի տոմս էին վաճառում: Ամենաէժանը նավամբարի երրորդ դասի տոմսն էր` 10 ֆունտ: Երկրորդ դասը մեջտեղում էր, երրորդ՝ վերին հարկը միլիոնատերերի համար էր:
«Տիտանիկում» կար 6 հայ: էրզրումցի միգրանտներն ուղևորվում էին Կանադա: Հայ պանդուխտների գումարը հազիվ էր բավարարել երրորդ դասի տոմս գնելու համար: Նրանցից մեկ` Նշանը Ջեյմս Լեոնարդո Դի Կապրիոյի հերոսի պես պատահաբար էր հայտնվել նավում:
«Տիտանիկի» նավապետ Սմիթը մեծ հեղինակություն էր վայելում, փորձառու ծովագնաց էր: Ուղիղ կեսօրին նա հրահանգ տվեց նավահանգստից շարժվել Նյու Յորքի ուղղությամբ: Առաջին և երկրորդ դասի առավել հետաքրքրասեր ուղևրոները դուրս եկան տախտակամած: «Տիտանիկի» հայ ուղևորները թղթախաղից հոգնում են ու գնում քնելու: Նշանի քունը չէր տանում եւ դուրս է գալիս նավախցից: Նա առաջիններից մեկն է տեսնում սառցաբեկորը: Ջուրն արդեն սկսել էր մեծ արագությամբ լցվել կաթսայատան ամբարը:
Տախտակամածի վրա մարդիկ դեռ հանգստություն էին պահպանում: Շատ ուղևորներ չէին հավատում, որ նավը բախվել է այսբերգին: Նշանն արագ կողմնորոշվել է ու խորտակվող շոգենավից նետվել կիսադատարկ 10-րդ համարի փրկարար մակույկի մեջ:
Այդ օրն ամենակրտսեր հայ ուղևորի` Դավիթի ծննդյան օրն էր: Դավիթը 1912 թվականի ապրիլի 15-ին դառնում էր 22 տարեկան: Նրա ծննդավայրում թուրքերը խստացրել էին ճնշումները, հարսնացուն սպասում էր, թե Դավիթը երբ կհաստատվի Կանադայում և իրեն կփրկի թուրքական դժոխքից: Առանց երկար մտածելու նա նետվում է ջուրն ու լողալով հասնում ամենամոտ փրկարար մակույկին:
Առավոտվա 2-ն անց 20 րոպեին քամին ամբողջովին ցրել էր այն, ինչ մնացել էր աշխարհի ամենամեծ շոգենավից: 1495 մարդ զոհվեց. մի մասը ցրտից, մյուս մասն էլ պարզապես խեղդվեց: Փրկարար նավակների շուրջ լողում էին դիակներ: Ուղիղ մեկ ու կես ժամ անց մոտեցավ փրկարար նավը: 6 հայ տղաներից 4-ի մասին ոչ մի տեղեկություն չկա:
Նշանը «Տիտանիկի» աղետից հետո թոքաբորբով է հիվանդացել և մի քանի տարի անց ապաքինվել է: Դավիթը փրկվելուց հետո հաստատվել է Կանադայում: Նրա ընտանիքը այդ ընթացքում որևէ տեղեկություն չի ունեցել նրա մասին: Կանցնի 6 տարի, և Դավիթը կգտնի իր հարսնացուին ու կկանչի Կանադա:
«Տիտանիկի» բերած հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Գիտնականները, ինժեներներն ու պատմաբանները մինչև հիմա չեն կարողանում համաձայնության գալ, թե իրականում ո՞րն էր խորտակման պատճառը:
Վարկածները սկսվում են սեփականատիրոջ կազմակերպած միտումնավոր խորտակումից և հասնում լուսնի եւ երկրի ուղեծիրների տեղաշարժին ու տիեզերական ձգողական ուժերի խախտմանը:
«Տիտանիկը» դարձավ պատմության մեջ ամենահայտնի նավն իր դրամատիկ վախճանով ու նոր սկզբով: