Բավ է պառակտվել
15-08-2014 15:49

Դիարբեքիրի հայերը պատրաստվում են Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին

2015թ. ընդառաջ, Դիարբեքիրի հայերը (Տիգրանակերտ, Արեւմտյան Հայաստան)  արդեն սկսել են աշխատել Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստման ուղղությամբ: Այս մասին օգոստոսի 15-ի մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքահայ  Գաֆուր (Օվանես)  Օհանյանը, ով Դիարբեքիրից Հայաստան է ժամանել սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակում:

Գաֆուր Օհանյանի խոսքով՝ Դիարբեքիրում Հայոց ցեղասպանության հետ կապված միջոցառումներ սկսել են կազմակերպվել երեք տարի առաջ:

«Առաջին անգամ երբ որոշեցինք նշել այդ օրը, շատ էինք վախենում, ուստի միջոցառումները կազմակերպեցինք թուրքական կազմակերպությունների հետ համատեղ: Ես նրանց առաջարկեցի իրենց մզկիթներում աղոթել հայերի համար: Մենք «Սուրբ Կիրակոս» եկեղեցի այցելելու, այնտեղ մամուլի ասուլիս անցկացնելու, մոմեր վառելու եւ ծաղիկներ խոնարհելու ցանկություն հայտնեցինք, բայց ճանապարհին ոստիկանները շրջապատեցին մեզ եւ ասացին, որ թույլտվություն ունեն: Մեր շարքերում կային քաղաքական գործիչներ Թուրքիայից. նրանք ասացին, որ մենք կարող ենք շարունակել ճանապարհը՝ չնայած դրան: Սակայն ես չցանկացա հետագա խնդիրներ, առաջարկեցի մամուլի ասուլիսն անցկացնել հենց այնտեղ եւ մեզ մոտ եղած ծաղիկները նվիրել տեղի հայ կանանց», - պատմել է Գաֆուր Օհանյանը:

Նշենք, որ Գաֆուր Օհանյանը այն 50 թուրքացած հայերից է, որոնք մկրտվել են եւ 15 օր առաջ Հայաստան ժամանել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում: