Բավ է պառակտվել
21-05-2015 12:00

Սիրիահայերին պետք է ցուցաբերել առավելագույն աջակցություն. վարչապետ

Վերջին շրջանում Հալեպից Հայաստան է ժամանել մոտ 200 մարդ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքերով՝ սփյուռքի նախարարությունը դիվանագիտական ծառայությունների և Հալեպում գործող հայկական կազմակերպությունների հետ ամենօրյա կապի մեջ է, որոնք նաև մշտական օգնություն են ցուցաբերում մեր հայրենակիցներին: «Ցավոք, Հալեպում իրավիճակը վտանգվում է: Վերջին մեկուկես ամիսներին Հալեպում զինյալների թիրախում են նաև քրիստոնեական շրջանները, ինչի հետևանքով ավերվեց Հալեպի Սրբոց Նահատակաց եեղեցին: Զինյալները պայմաններ են դնում մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք արագ հեռանան տարածքից: Խնդիրները երեք ուղղությամբ են զարգանում. հալեպահայերի մի մասը տեղափոխվում են Սիրիայի առավել անվտանգ տարածքներ, մի մասը դուրս է գալիս Հալեպից, իսկ մյուս մասը շարունակում է մնալ այնտեղ: Ներկայում խուճապային տրամադրություններն անցել են, վերակագնվել է ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- նշեց նախարարը: Ըստ նրա՝ սիրիահայերի մոտ առկա են նաև հոգեբանական և առողջական այլ խնդիրներ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ քննարկվել է խնդիրը և սիրիահայերին օգնություն կցուցաբերվի պետպատվերի շրջանակում: Միաժամանակ, Հ. Հակոբյանն ասաց, որ սիրիահայ երեխաների թիվը Հայաստանում ևս գնալով ավելանում է և կառավարությունը կկարողանա 300-ից ավելի երեխաների ամառային հանգիստը կազմակերպել ճամբարներում: Նա նաև հայտնեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն առաջիկայում կայցելի Սիրիա՝ ծանոթանալու իրավիճակին: Սիրիայում կլինի նաև պատգամավորների խումբ:  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ առաջարկեց համապատասխան նախարարություններին կոորդինացնել այդ աշխատանքները և սիրիահայերին ցուցաբերել առավելագույն աջակցություն: