29-09-2016 11:42

Հայաստանում փոփոխություններ են կատարվել փոխնակ մայրության մասին օրենքում

Ազգային ժողովը հինգշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի լրացումները, որոնք վերաբերում են փոխնակ մայրությանը:

Ինչպես նշեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ամեն տարի Հայաստանում փոխնակ մոր ծառայություններին է դիմում 30-40 մարդ:

«Օրենքում արմագրվում է, որ փոխնակ մայրը որևէ իրավունք չունի երեխայի նկատմամբ: Լրացումներով նաև նախատեսվում է, որ միայնակ օտարերկրյացիները չեն կարող Հայաստանում դիմել փոխնակ մայրերի ծառայություններին», - ասաց Խաչատրյանը:

Ընդ որում, նա նշեց, որ լրացումներով նախատեսվում է նաև, որ կինը կարող է փոխնակ մայր լինել առավելագույնը երկու անգամ: