Բավ է պառակտվել
13-06-2016 13:05

ՀՀ-ն ներառվել է ավելի շատ թվով զբոսաշրջիկների այցելությանն արժանի երկրների ցանկում

National Geographic-ին անդրադարձել է աշխարհի տարբեր անկյուններում գտնվող 10 երկրի, որոնք արժանի են ավելի շատ թվով զբոսաշրջիկների այցելության: 
Այդ երկների շարքում է ներառվել նաև Հայաստանը, որի վերաբերյալ լրագրող Թարա Իզաբելա Բըրթոնը գրում է.
«Չնայած, որ Հայաստանը շատերի մոտ մտազուգորդվում է հակամարտության հետ, այնուհանդերձ`այս երկիրն այժմ խաղաղ ու ապահով վայր է` զարգացող զգոսաշրջային ենթակառուցվածքով: Այստեղ հիմնականում զարգացած է ագրոտուրիզմը, որը միտված է գրավելու երկրի` շատերի համար անհայտ բնական ու ճարտարապետական գեղեցկությունները փնտրող արկածասերներին:

Քչերը գիտեն, որ Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած աշխարհում առաջին երկիրն է: Նրա հնագույն եկեղեցիները, որոնք բազմած են զմրուխտյա կանաչի մեջ թաղված կիրճերում ու լեռնալանջերի վրա, աշխարհում ամենալավ պահպանված նմուշներից են: Գեղարդի ժայռափոր վանքի քարե առյուծներն ու Սանահինի նրբակերտ խաչքարերը կանգնած են որպես աշխարհի ամենահին, սակայն աշխարհին քիչ հայտնի քաղաքակրթություններից մեկի ստեղծագործ ուժի լուռ վկաներ»:

Բացի այդ, Բըրթոնն ընթերցողներին խորհուրդ է տալիս Հայաստան այցելելու դեպքում անպայման գնալ Սյունիքի մարզ ու զմայլվել այնտեղի հրաշալի բնությամբ, առատ կանաչով, հնագույն քարանձավներով և, իհարկե, Տաթևի վանքով: Հավելենք, որ Հայաստանից զատ՝ ավելի շատ թվով զբոսաշրջիկների այցելությանն արժանի երկրների ցանկում են ներառվել Նիկարագուան, Իրանը, Նեպալը, Կոսովոն, Ուզբեկստանը, Ալբանիան, Վրաստանը, Թունիսն ու Արևելյան Թիմորը: