Բավ է պառակտվել
04-11-2015 11:26

Հայաստանն այն հինգ երկրներից մեկն է, որտեղ կարելի է մատչելի հանգիստ անցկացնել

Adme.ru–ն կազմել է այն հինգ երկրների ցանկը, որտեղ կարելի է «փառահեղ հանգիստ անցկացնել և տնտեսել»: Հայաստանը նույնպես ընգրկվել է այդ ցուցակում։ Ճանապարհորդությունները հոգեպես հարստացնում են մեզ, զարգացնում, ուժ և ոգեշնչում տալիս նոր արարումների համար։ Եվ պետք չէ այդ ամենից զրկվել միայն տնտեսելու խելամիտ ձգտման պատճառով։ Պարզապես հարկավոր է ավելի լավ ուսումնասիրել զբոսաշրջային առաջարկները և երկրները։

Ներկայացնում ենք 5 երկրից կազմված ցանկը և բացատրում, թե ինչով են գրավիչ այդ երկրները։

Վրաստան

Գամառջոբա, գենացվալե։ Վրաստանը փոքրիկ աշխարհամաս է, որտեղ ամեն քայլափոխի կարելի է նոր բան տեսնել։ Վրաստանը կարծես հատուկ ստեղծված է հանգստավայր լինելու համար։ Դուք այստեղ ոչ թե հաճախորդ եք, այլ՝ հյուր։ Երկիրը հարուստ է պարզ մարդկային ուրախություններով` աղբյուրների ջրով, գյուղական վառարանի հացով, գինով և պանրով, արևով և մաքուր օդով։

Ինչո՞վ կարելի է զբաղվել

Տեսնել Ռուսթավելիի պողոտան, անցնել Խաղաղության գերժամանակակից կամրջով, տեսնել Ցմինդա Սամեբա անունով 101–մետրանոց տաճարը, բարձրանալ Մտացմինդա սարը, որի գագաթից կարելի է հիանալ քաղաքի գեղեցիկ տեսարանով: Վիզա պետք չէ, երկրում կարելի է առանց վիզայի գտնվել մինչև 90 օր:

Հայաստան

Հայաստանի փոքր տարածքը չպետք է մոլորության մեջ գցի. սա աշխարհի ամենահին պետություններից է` տպավորիչ ճարտարապետական և մշակութային հնություններով։ Սովորաբար ամենահիասքանչ վայրերը թաքնված են դժվարամատչելի ժայռերի վրա, լեռնային հովիտների խորքում ու ջրերի ալիքների մեջ։

Ինչո՞վ կարելի է զբաղվել

Առնվազն երեք օր պետք է անցկացնել արևոտ Երևանում, որը մեծ է Հռոմից 29 տարով, տեսնել 1700 տարվա պատմություն ունեցող հնագույն վանքերն ու ամրոցները, ընկղմվել Սևանա լիճն ու խմել Ջերմուկի բուժիչ աղբյուրների հանքային ջուրը:  Վիզա չի պահանջվում, դրան փոխարինում է արտասահմանյան անձնագրի կնիքը, որը դրվում է սահմանին։ Երկրում գտնվելու առավելագույն ժամկետը` կես տարվա մեջ մինչև 180 օր։

Հունաստան

Հունաստանում կա այն ամենը, ինչ պետք է զբոսաշրջիկին. տարվա մեջ 300 արևոտ օր, չորս ծով և 1400 կղզի, հին փլատակներ և թանգարաններ, մրգերի այգիներ և համեղ խոհանոց։ Հունաստանը զարմանալի հակադրությունների երկիր է. ավելի քան 1000 տարեկան շինությունների կողքին գերժամանակակից հանգստավայրերն են։

Ինչո՞վ կարելի է զբաղվել

Արևային լոգանք ընդունել Կրետե, Ռոդոս և Կոս կղզիների լողափերում, գնալ Սանտորինի` Միջերկրական ծովի ամենառոմանտիկ վայրը, սուզվել ջրում և հասնել խորտակված նավերին, վայելել հունական խոհանոցի թեթև և համեղ ճաշատեսակները, այցելել անթիվ թանգարաններ: Վիզան անհրաժեշտ է, քանի որ Հունաստանն ընգրկված է Շենգենյան անդամ երկրների ցանկում։ Վիզան արժե 35 եվրո։

Լատվիա

Լատվիան հայտնի է իր մայրաքաղաք` Ռիգայով և Յուրմալա քաղաքով։ Ռիգան շատերը գիտեն որպես Մերձբալթիկայի ամենամեծ քաղաք` մեծաթիվ ճարտարապետական հուշարձաններով։ Այստեղ է գտնվում Դոմսկի տաճարը, որը կառուցվել է 1211թ.–ին և Պետրոսի եկեղեցին։

Ինչո՞վ կարելի է զբաղվել

Ամռանը հանգստանալ Բալթիկ ծովի ափին, ձմռանը դահուկ քշել Ցեսիսում, որտեղ գտնվում է Ժագարկալնս լեռնադահուկային բազան, ողջ տարին զբոսնել լատվիական քաղաքների հին փողոցներով, հանգստանալ սպա–հյուրանոցներում և Ռիգայի առողջարաններում։

Ֆինլանդիա

Հավանաբար այսպիսի տեսք կունենար դրախտը, եթե այն գտնվեր հյուսիսում։ Իզուր չէ, որ Ֆինլանդիան ժամանակին սիրել են ռուս կայսրերը։ Այդ երկրում կարելի է շոգեբաղնիք ընդունել, զբոսնել հրաշալի թանգարաններում ու հնագույն ամրոցներում։ Ֆինլանդիան հայտնի է իր անհավանական զեղչերով. ծննդյան տոներին (դեկտեմբերի 27–ից մինչև հունվարի վերջ) և ամռանը (հունիսի 23–ից մինչև օգոստոսի կես) այստեղ կարելի է հագուստ, կոշիկ և կենցաղային տեխնիկա գնել 70 տոկոս զեղչով։

Ինչո՞վ կարելի է զբաղվել

Կարելի է մեկնել Սայմա լիճ և երկուկիլոգրամանոց ձուկ բռնել, Լապլանդիայում հեծնել եղջերուներին կամ զբոսնել շների լծասարքով, երեխաներին տանել Սանտա Կլաուսի գյուղ և Մումի այգ, հանգստանալ Ֆիննական ծոցի ափին, անպայման գնումներ կատարել խանութներում: Վիզան անհրաժեշտ է, քանի որ Ֆինլանդիան ընգրկված է Շենգենյան անդամ երկրների ցանկում։ Վիզան արժե 35 եվրո։