27-08-2015 08:46

Կոստանյանը Երմոլաևին է փոխանցել Կ. Պետրոսյանի մահվան առթիվ Ադրբեջանին ուղղված պահանջը

Միջազգային-իրավական համագործակցություն իրականացնելիս ՀՀ գլխավոր դատախազությունը սերտորեն համագործակցում է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հետ: Այս մասին Աստանայում ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղար Լեոնիդ Երմոլաևի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ ընդգծելով ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի կարևոր դերը միջազգային հանցավորության դեմ պայքարում: Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազը վստահություն է հայտնել՝ ԳԴՀԽ-ի շրջանակում ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազությունների միջև ստեղծված արդյունավետ իրավական համագործակցությունը հետագայում կզարգանա և կամրապնդվի ընդհանուր նպատակների փոխըմբռնման հիման վրա: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի հետ բացակայում է իրավապահ համակարգների միջև շփման որևէ հարթակ և այս ոլորտում ծագում են բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են իրավական լուծումներ` Գևորգ Կոստանյանը Լեոնիդ Երմոլաևի հետ քննարկել է Ադրբեջանի իրավապահ համակարգի հետ ծագող խնդիրներին ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարության միջոցով լուծումներ գտնելու հնարավորությունը: ՀՀ գլխավոր դատախազը Լեոնիդ Երմոլաևին է փոխանցել Ադրբեջանում ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ իրավապահների կողմից քննվող քրեական գործով Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությանն ուղղված քննչական պահանջը` Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմնին փոխանցելու խնդրանքով: