Բավ է պառակտվել
08-07-2016 16:17

Հայաստանն ու Ռուսաստանը միասին կպաշտպանեն հայ գործարարների իրավունքները

ՀՀ Կառավարությունում Վերին Լարսի փակման հետևանքով ՀՀ տնտեսությանը հասցված վնասի չափը դեռ չեն հաշվարկել, բայց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը վստահ է, որ բացասական ազդեցությունն անխուսափելի է։

Վիճակը փոքր-ինչ շտկելու նպատակով կառավարությունը ՌԴ-ում Հայաստանի առևտրային ներկայացուցչին հանձնարարել է Վերին Լարսից Ռուսաստան հասած ապրանքները հնարավորինս արագ հասցնել իրացման օղակներ։

ՀՀ Կառավարությունը շարունակում է քննարկել նաև Վերին Լարսի հաճախակի փակվող ճանապարհին այլընտրանքային ուղիների տարբերակները` դրանց թվում դիտարկելով հայաստանյան ապրանքը օդային էժան փոխադրումներով ԵԱՏՄ երկրներ հասցնելու հնարավորությունը։ «Փորձենք կիրառել օդային եղականակով բեռնափոխադրում կազմակերպելու ԵԱՏՄ-ի և ՌԴ-ի հետ ՀՀ-ի դաշնակցային հարաբերությունների հնարավորություններն այն դեպքերում, երբ անհրաժեշտ է արագ տեղափոխում կատարել, բնականաբար մատչելի վճարի դիմաց և ոչ թե առհասարակ շատ բարձր արժեքով»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Վերին Լարսի ցամաքային ճանապարհի միակ առավել մատչելի այլընտրանքն այսօր ծովային ուղին է։ Բայց հայ գործարարները վստահեցնում են, որ լաստանավային փոխադրումներից օգտվելն այնքան էլ հեշտ չէ։ Պարզվում է` այստեղ էլ կան ստվերային գործոններ, որոնց պատճառով գործարարները ժամանակին չեն կարողանում կազմակերպել իրենց բեռների փոխադրումները։

«Այնտեղ ոչ մի մենաշնորհ էլ չկա. կա մեկ լաստանավ, որի սեփականատերը բուլղարական ընկերություն է, մեր խոշոր փոխադրողներից մեկը 2 լաստանավ է վարձակալել, և ինքնին պարզ է` եթե վարձակալել է, առաջին հերթին պետք է տեղափոխի ի՛ր բեռները, բայց լաստանավերն ըստ տոմսերի գնման հերթականության սպասարկում են նաև մյուսներին։ Իսկ առաջնահերթությունը տրվում է փչացող բեռներին, հատկապես գյուղմթերքի այն տեսակին, որը սառնարանային մեքենաներում պահելը դժվար է»,- ասում է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը` հավելելով, որ սա ոչ թե մենաշնորհային դիրքի չարաշահում է, այլ բիզնես։

Արտահանման ոլորտում առկա չարաշահումների մասին բազմաթիվ բողոքներ է ստանում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, որն առաջարկում է խնդիրը լուծել համակարգային մոտեցմամբ` ընդ որում, ՌԴ իշխանությունների հետ համատեղ։ «Այլ բան է, փաստաթուղթը, որով բեռը պետք է անարգել տեղափոխվի, այլ բան է, երբ հաճախ անօրինական գործողություններ են ձեռնարկվում հայ փոխադրողների կամ ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Պարզ է, որ այստեղ մենք պարտավոր ենք քննարկումների արդյունքում այնպիսի համակարգ ստեղծել, որը թույլ կտա ՌԴ իշխանություններին ցանկացած ոտնձգության ժամանակ արագ արձագանքել ու պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքները»։

Այս հարցը էկոնոմիկայի նախարարի խոսքով առաջիկայում ՀՀ և ՌԴ իշխանությունների միջև բանակցությունների թեմա է դառնալու։