Բավ է պառակտվել
28-05-2017 12:43

Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 99 ամյակը

Այսօր, մայիսի 28-ին, Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության 99 ամյակը: Հայաստանի առաջին հանրապետությունը կարճատև պատմություն է ունեցել, այն գոյատևել է մինչև1920թ. դեկտեմբերի 2-ը, բայց չնայած դրան՝ շատ նշանակալի է եղել:
Առաջին Հանրապետությունը ստեղծվեց պատմական հայկական հողերում պետականության գրեթե հազարամա բացակայությունից հետո: Դժվարին, հետհեղափոխական տարիներին, Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդին հաջողվեց անկախ հայկական պետություն ստեղծել՝ Երևան մայրաքաղաքով:
Այս օրը, Հանրապետության ողջ տարածքում տոնական միջոցառումներ են լինում, բայց գլխավոր հանդիսությունները, ավանդույթի համաձայն, տեղի են ունենում «Սարդարապատի» հուշահամալիրում: Նախագահի գլխավորությամբ այնտեղ է գնում Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը՝ 1918թ. Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին ծաղկեպսակ դնելու:
1918թ. մայիսին հայ ժողովուրդը Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ-Ապարանում հերոսական հաղթանակներ տարավ երկիր ներխուժած թուրք զավթիչների դեմ: Հենց այդ հաղթանակներն էլ թույլ տվեցին հայ ժողովրդին ստեղծել սեփական պետությունը:
1918թ. մայիսի 26-ին, Անդրկովկասյան Սեյմի լուծարումից և Վրաստանի անկախացումից հետո, այդ պահին գործող հիմնական հայ ազգային կուսակցության՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության շրջանային խորհուրդը Թիֆլիսում Հայ Ազգային խորհրդին փոխանցեց կառավարության իրավասությունները՝ ազգային կյանքի բոլոր ոլորտները վերահսկելու իրավունքով:
Մայիսի 28-ին Հայ Ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը: Մայիսի 29-ին ՀՅ Դաշնակցության Արևմտյան և Արևելյան բյուրոների նիստին որոշվեց անկախ Հայաստանի վարչապետի պաշտոնին նշանակել ճարտարապետ Հովհաննես Քաջազնունուն, իսկ Երևանն ընտրվեց առաջին հանրապետության մայրաքաղաք: