Բավ է պառակտվել
28-01-2017 13:59

Հայաստանը տոնում է Զինված ուժերի կազմավորման 25-ամյակը

Հայաստանը շաբաթ՝ հունվարի 28-ին, նշում է հանրապետության Զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձը:
Բանակի օրվան նվիրված միջոցառումները ավանդաբար սկսվում են առավոտյան՝ երկրի ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից «Եռաբլուր» պանթեոն այցելությունից, որտեղ գտնվում են ղարաբաղյան պատերազմի հերոսների շիրիմները:
Ցերեկը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա պետական պարգևների շնորհման արարողությունը, իսկ երեկոյան՝ «Ազգ-Բանակ» տոնական համերգը:
Հայաստանի ԶՈՒ ստեղծման օրը համարվում է 1992 թվականի հունվարի 28-ը, երբ Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը:
Հայկական բանակի կայացման առաջին փուլը 1988-1992 թվականներն էին, երբ ղարաբաղյան շարժման աշխուժացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների սրման պայմաններում արդիական դարձավ Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգության ապահովման հարցը:
Այդ դժվարին առաքելությունը ստանձնեցին առաջին կամավորական ջոկատները, սակայն ակնհայտ էր, որ սահմանների պահպանության և բնակչության անվտանգության ապահովման հարցերը պետական մոտեցում են պահանջում:
Հայոց բանակի կազմավորման գործընթացն ընթանում էր ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող մարտական գործողություններին, սահմանների ամրապնդմանն ու ազգային կադրերի պտրաստմանը զուգընթաց:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կարծիքով, Հայաստանը պետք է ունենա տարածաշրջանի ամենամարտունակ զինված ուժերը:
«Այն խնդիրների և մարտահրավերների հետ, որոնք կանգնած են մեր առջև, ունենալ ուղղակի մարտունակ զինված ուժեր բավական չէ: Մենք պետք է շատ ուժեղ ԶՈՒ ունենանք, որոնք ունակ կլինեն լուծել ռազմավարական խնդիրները՝ ամենաուժեղը տարածաշրջանում: Եթե մենք չձգտենք դրան, ապա ժամանակի ընթացքում խնդիրների առաջ կկանգնենք», - ասաց Սարգսյանը: