Բավ է պառակտվել
15-06-2016 08:35

Հայաստանը բացում է «Պատուհան դեպի Հունաստան»

Երևանում կայացավ «Պատուհան դեպի Հունաստան» խորագրով` զբոսաշրջության տարածմանը նվիրված միջոցառում: Հայաստանում Հունաստանի դեսպան Յոհանիս Տայիսի խոսքով` Հունաստանը համաշխարհային զբոսաշրջության կենտրոններից է, և ինքն ուրախ է, որ այժմ Հունաստան են այցելում նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ Հայաստանից։ «Հուսով եմ, որ մոտ ժամանակներս Հայաստանը նույնպես կդառնա տուրիզմի երկիր։ Հունաստանը գեղեցիկ երկիր է, երկու երկրները բավականին սերտ բարեկամական կապեր ունեն, այդ պատճառով հայերի համար շատ ավելի հաճելի պետք է լինի Հունաստան այցելելը»,- ասաց Տայիսը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, նրա խոսքով, հույները շատ են հետաքրքրված հայկական տաճարներով ու Հայաստանի պատմությամբ, որը հաճախ միահյուսվում է հունականի հետ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ միջոցառման հիմնական նպատակը Հունաստանի և Հայաստանի զբոսաշրջային կապերի ամրապնդումն է։

«Մեր հարաբերությունները շատ կարևոր են, մենք այս ոլորտում մեծ հեռանկարներ ունենք։ Փոխայցերը ոչ միայն կնպաստեն երկու երկրների տնտեսական աճին, այլև աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը»,- նշեց նա։

Նրա խոսքով` կարևոր է նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամական կապերի ամրապնդումը և մշակույթի ոլորտում համագործակցությունը։

Միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվեցին Հունաստանում հանգստի բոլոր գրավիչ կողմերը, ներկա էին հասարակական և քաղաքական գործիչներ` ԱԺ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ։