Բավ է պառակտվել
01-10-2016 07:47

ՀՀ-ը մարդասիրական օգնություն կտրամադրի սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն։

Այս մասին հաղորդվում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Արտգործանախարարությունը նաև հայտնում է, որ խորապես մտահոգված է վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ:

«Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանիքներին և հարազատներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Հույս ենք հայտնում, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերն առավել վճռական կլինեն ահաբեկչության դեմ միասնական պայքարում և հաստատուն՝ բանակցությունների միջոցով խաղաղության վերականգնմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Երեք հայ զոհվել է, վեցը ծանր վիրավոր է ահաբեկիչների կողմից ուրբաթ Սիրիայի Հալեպ քաղաքի հրթիռակոծության հետևանքով։ Զինված ահաբեկչական խմբավորումների գրոհների են ենթարկվել հայաբնակ երկու թաղամասեր։