03-08-2016 09:36

ՀՀ-ն բարելավել է դիրքերը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկի գնահատման վարկանիշում

Հայաստանը 149 երկրների շրջանում 128–րդն է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկի գնահատման «Բազել Ինդեքս AML - 2016» վարկանիշում, որը կազմվում է Բազելի կառավարման ինստիտուտի կողմից։ Նախորդ տարվա վարկանիշի համեմատ` Հայաստանը 8 կետով լավացրել է իր դիրքերը։

Բազելի ինստիտուտը հրապարակում է «Basel AML Index» վարկանիշը 2012 թ.–ից։ Գնահատման առավելագույն գործակիցը 10 միավորն է։ Նվազագույն միավորը նշանակում է նվազագույն ռիսկ։ Վարկանիշը գնահատում է ոչ թե երկրում առկա կոռուպցիայի և հանցավորության մակարդակը, այլ դրանց առաջացման և զարգացման ռիսկը։

Հայաստանը 4,63 միավորով ներառվում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման նվազագույն ռիսկ ունեցող երկրների ցանկում։ Հարկ է նշել, որ Հայաստանը ԱՊՀ–ի և տարածաշրջանի միակ երկիրն է, որն ունի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման նվազագույն ռիսկ։

Այսպես, ամենառիսկայինը Տաջիկստանն է (8,19 միավոր), այն զբաղեցնում է 3–րդ հորիզոնականը։ Այնուհետև գալիս է Ուկրաինան (6,57), Թուրքիան` 47–րդ հորիզոնական (6,55), Ռուսաստանը` 58–րդ հորիզոնական (6,22), Ղրղըզստանը` 60–րդ հորիզոնական (6,21), Ղազախստանը` 71 (5,88), Մոլդովան` 93 (5,24), Ուզբեկստանը` 101 (5,1), Ադրբեջանը` 118 (4,84) և Վրաստանը` 123 (4,71)։

Բազել Ինդեքս AML - 2016» վարկանիշի ամենաբարձր ռիսկ ունեցող երկրների եռյակում են Իրանը (8,61), Աֆղանստանը (8,51), Տաջիկստանը (8,19), իսկ ամենացածր ռիսկ ունեցող երկրների եռյակում են Ֆինլանդիան (3,05), Լիտվան (3,62) և Էստոնիան (3,82)։