Բավ է պառակտվել
02-12-2015 11:32

Հայաստանն ունենալու է դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենք

Վերջին տարիներին Հայաստանում դատափորձագիտական գործունեության ոլորտը մեծ կարևորություն է ձեռք բերել՝ պայմանավորված երկրում միջազգային առաջադեմ փորձի, միջազգային չափանիշների կիրառմամբ և ներդրմամբ: Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթներին նվիրված կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Դատական փորձաքննությունների պատշաճ և ժամանակին իրականացումը, դրա արդյունքում սահմանված, բոլոր պահանաջներին համապատասխանող եզրակացությունը քրեական, վարչական, քաղաքացիական գործերով պատշաճ արդարադատության կարևորագույն գրավականներից մեկն է:
Նշված գործերով վարույթների կամ ընթացակարգերի շրջանակներում ապացուցման գործընթացում առավել կարևոր դեր և նշանակություն է տրվում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների վրա հիմնված մասնագիտական եզրակացություններին»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ դատական փորձաքննության պատշաճ և ժամանակին կատարումը կարևոր է նաև անձի իրավունքների ապահովման տեսանկյունից:
Ա.Հովհաննիսյանի խոսքով, այսօրվա խնդիրները, հասարակական պահանջը պարտադրում է իրենց ունենալ իրավական ակտ, ոլորտը կարգավորող օրենք, որով պատասխան կտրվեն տեսական, գործնական բնույթի մի շարք խնդիրների: Նախարարը նշեց, որ այդ օրենքը պետք է արտացոլի Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքը, համապատասխանի միջազգային չափանիշներին, փորձին: Ա.Հովհաննիսյանն ասաց, որ օրենքի նախագիծը կբարձրացնի դատական փորձագետների դերը, որոնց ազնիվ աշխատանքի միջոցով և պայմաններում է հնարավոր ապահովել հավաստիության բարձր աստիճան և որակ ունեցող փորձաքննություններ: