07-11-2016 16:22

ՀՀ-ին աղքատությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է ևս 150 մլն դոլար. վիճակագրություն

Հայաստանում աղքատությունը հաղթահարելու համար անհրաժեշտ են 71.4 մլրդ դրամի միջոցներ կամ ՀՆԱ–ի 1.4 տոկոսը ի հավելումն սոցիալական ապահովմանը տրամադրած հատկացումների, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տնային տնտեսության ոլորտի ուսումնասիրությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան` ներկայացնելով ծառայության ուսումնասիրությունը 2015 թվականի տնային տնտեսությունների կենսապայմանների շուրջ։

Զեկույցի համաձայն, Հայաստանում աղքատության մակարդակը 2015 թվականին կազմել է 29.8 տոկսո, ինչը 0.2 տոկոսով պակաս է, քան 2014 թվականին։ Հայաստանում աղքատների ընդհանուր թիվը կազմել է 900 հազար, որոնցից 310 հազարը շատ աղքատ են, իսկ ծայրահեղ աղքատները` 60 հազար։

«Ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու համար պահանջվում է ևս 1.8 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 0.04 տոկոսն ի հավելումն արդեն տրամադրված ֆինանսական ռեսուրսների»,– ասաց Մարտիրոսովան։

Նա նշեց, որ միջազգային փորձը վկայում է, որ ազատական տնտեսական համակարգ ունեցող երկրներում աղքատությունը հաղթահարելու համար անհրաժեշտ նվազագույն ռեսուրսները պետք է կրկնապատկել։

«Աղքատությունը և Հայաստանի սոցիալական համայնապատկերը» ԱՎԾ–ի 17–րդ զեկույցը Համաշխարհային բանկի վերլուծական և տեխնիկական աջակցությամբ մշակվել է Հայաստանում 2008-2015 թվականներին Հայաստանում սոցիալական վիճակի և կենսամակարդակի փոփոխության գնահատման նպատակով։