Բավ է պառակտվել
12-01-2016 09:38

Գյումրիի ողբերգական դեպքից անցել է մեկ տարի

Այսօր լրանում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության առաջին տարելիցը: Գումրիի Մյասնիկյան (Թուրքի մայլա) փողոցում գտնվող Ավետիսյանների տունն այժմ դատարկ է, իսկ նրանց սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը` ճաղերի հետևում:  Պերմյակովը, ըստ նախաքննության տվյալների, փախել էր Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքից, երկար քայլել, մտել Մյասնիկյան փողոցի առաջին պատահած տունը, իր մոտ եղած զենքով սպանել տան վեց անդամներին, զինվորական հագուստը թողել Ավետիսյանների տանը ու հեռացել: Ընտանիքի անդամներից 7-րդը` 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, մի քանի օր միայն կենդանի մնաց, և բժիշկները չկարողացան փրկել նրա կյանքը: Կատարվածից հետո մեկ տարվա ընթացքում Գյումրիի հասարակության պահանջով Հայաստանի գլխավոր դատախազությունը ռուսական կողմին խնդրեց, որ Պերմյակովի գործով քննությունն իրականացնեն հայ իրավապահները և հետո դատավարությունն անցկացվի հայկական կողմում: Ռուսական կողմը համաձայնեց, և ռուսական ռազմական տրիբունալի կողմից դասալքության համար 10 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո Ավետիսյանների մասով քրեական գործը փոխանցվեց հայկական կողմին: Այժմ գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է, բայց դատական նիստերն ընթանում են ոչ թե հայկական դատարանի տարածքում, այլ ռուսական ռազմաբազայի: Դատավորը որոշել է նիստն անցկացնել արտագնա: Մեկ տարվա հեռվից վերլուծելով իրավիճակը, դատարանում Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբան Երեմ Սարգսյանը դրական համարեց, որ երկար քննարկումներից, հասարակական դժգոհությունից հետո վերջապես քրեական գործը փոխանցվեց հայկական կողմին: «Նյութերը տրամադրվեցին մեզ, և մենք կարողացանք քիչ, թե շատ պատկերացում կազմել, թե ինչ է եղել, ինչ մանրամասներ կան դրանցում: Բայց լավ չէր, որ ռուսական կողմը անջատել էր դասալքության դրվագը սպանության դրվագից և այդ մասով առանձին դատավճիռ կայացրել: Հենց դա էր պատճառը, որ մեզ նյութերը տրամադրվեցին կիսատ», -հավելեց փաստաբանը: Այս պահին նշանակալին, ըստ Սարգսյանի, այն է, որ Գյումրիի ողբերգական դեպքի դրդապատճառները հայտնի են: «Գուցե այդ դրդապատճառը որոշ առումով չի կարողանում լույս սփռել այն հարցի վրա` թե ինչու այսքան դաժան դեպք տեղի ունեցավ, բայց եթե խոսենք գործում առկա փաստերի լեզվով, ունենք բացահայտված դրդապատճառ` ավազակային հարձակում, գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ մուտք է գործել ներս ու տեղի են ունեցել հետագա զարգացումները: Այս պահին քրեական գործի նյութերով հաստատված է, որ դա պատահականորեն ընտրված տուն էր», -ներկայացրեց փաստաբան Սարգսյանը: Նրա խոսքով, այժմ Ավետիսյանների իրավահաջորդների ու նաև իրենց` իրավահաջորդներին ներկայացնող փաստաբանների խնդիրը «արդար և ոչ ձևական արդարադատության» հասնելն է: «Այն, որ դատական նիստերն արտագնա են, անցկացվում են ռուսական ռազմաբազայի տարածքում և նաև այն, որ նույնիսկ տեխնիկական հարցերում շատ պատրաստված չէին, արդեն իսկ վստահություն չի ներշնչում, որ արդար դատավճիռ կկայացվի», -ասաց փաստաբանը: Նա տեղեկացրեց, որ եթե դատարանն իր կամքով չեղյալ չհայտարարեց արտագնա նիստ անցկացնելու որոշումը և նիստերը չտեղափոխեց հայկական դատարանի շենք, ապա տուժող կողմի ներկայացուցիչներն իրենք այդ մասին միջնորդություն կներկայացնեն: «Ցանկալի կլիներ, որ դա հենց իրենց` դատարանի կողմից կատարվող քայլ լիներ, թեպետ դրա հույսերը քիչ ունեմ», -հավելեց Երեմ Սարգսյանը: Նշենք, որ այս գործով դատական հաջորդ նիստը կանցկակցվի հունվարի 18-ին: