Բավ է պառակտվել
14-08-2014 17:57

Հայաստանը ՄԻԵԴ-ում նոր դատավորի թեկնածուներ պետք է ներկայացնի, շրջանառվում են մի շարք անուններ

Ստրասբուրգում սեպտեմբերի 29-ին մեկնարկող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանում Վեհաժողովի պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ պետք է ընտրեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության դատավորին:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ ՄԻԵԴ-ում Հայաստանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը մոտ երկու ամիս առաջ անսպասելի թողեց իր պաշտոնը, թեև նրա պաշտոնավարման ժամկետը պետք է լրանար 2015-ի հունվարին:
Նշենք, որ օգոստոսի 2-ին ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում տեղադրված է Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագիրը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին:
Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովն ունի հետևյալ կազմը. Սահմանադրական դատարանի նախագահ, Վճռաբեկ դատարանի նախագահ, ՄԻԵԴ–ում ՀՀ դատավոր, Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ) ՀՀ արդարադատության նախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ:
Աղբյուրը հայտնեց, որ այս պահին շրջանառվում է մի քանի անուն, այդ թվում նաև՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, ԱԺ աշխատակազմի ղեկավար, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի, փաստաբաններ Արա Ղազարյանի և Վահե Գրիգորյանի անունները:
Նշենք, որ ընտրության կարևորագույն չափորոշիչներից է անգլերենի իմացությունը և նախընտրելի է՝ ֆրանսերեն լեզվինը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, սակայն, հայտնեց, որ մրցութային հանձնաժողովի կողմից նիստ չի հրավիրվել, հետևաբար, ինքը որևէ անունի չգիտի, չի լսել:
Ի պատասխան հարցի, թե որպես ՓԲ նախագահ համարո՞ւմ է, որ շատ ավելի ճիշտ կլիներ, որ ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացներ փաստաբան, ոչ թե պարզապես իրավաբան, նա նշեց.«Ես կողմ եմ, որ ներկայացնի պրոֆեսիոնալ, գրագետ անձ, և ասեմ,ո ր փաստաբանների շրջանակում նման անձինք կան»:
Ըստ ԵԽԽՎ ընթացակարգերի՝ Հայաստանը Վեհաժողովին պետք է ներկայացնի ՀՀ դատավորի 3 թեկնածուի անուն՝ ձևաթղթի վրա, որոնցից էլ փակ գաղտնի քվեարկությամբ Վեհաժողովի պատգամավորները պետք է ընտրեն. անցնում է ձայների պարզ մեծամասնությունը ստացած թեկնածուն:
Ինչպե՞ս են կողմնորոշվում ԵԽԽՎ պատգամավորները թեկնածուի հարցում: Ըստ մեր աղբյուրի, որպես կանոն, այդ հարցում ԵԽԽՎ պատգամավորներ կողմնորոշվում են իրենց երկրներում ՀՀ դեսպանատների «ռեկոմենդացիաներով»։
Ինչ վերաբերում է Ալվինա Գյուլումյանի հրաժարականին կամ ավելի ճիշտ՝ ժամանակից շուտ հետ կանչելուն, (նշենք, որ ՄԻԵԴ դատավորը ստանում է մոտ 10 000 եվրոյին համարժեք աշխատավարձ), ապա ըստ մեր տեղեկությունների իշխանության ներսում որոշումներ կայացնողների մակարդակում որոշակի դժգոհություններ են եղել նրա աշխատանքի հետ կապված: Մասնավորապես, այն առումով, որ ՀՀ դատավորը միշտ պարտվել է «Ընդդեմ Հայաստանի» գրեթե բոլոր դատական հայցերում, և բացի այդ, հակաադրբեջանական խնդիրների հետ կապված, ճիշտ լոբբինգ չէր կարողանում իրականացնել:
Հիշեցնենք, որ օրինակ՝ եղավ մի պահ, երբ ՄԻԵԴ–ը միաժամանակյա լսումներ էր անցկացնում հայերի և ադրբեջանցիների կողմից ներկայացված երկու հակադիր հայցերով: Դրանցից մեկը «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործն էր՝ Մինաս Սարգսյանի բողոքն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության, որով նա պնդում է, որ բռնի արտաքսվել է Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում գտնվող իր տանից, որը կործանվել էր 1992 թվականի հունիսին ադրբեջանական բանակի կողմից, մյուսը «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը, որով վեց ադրբեջանցի քրդեր պնդում էին, որ հնարավորություն չեն ունեցել վերադառնալ իրենց տներն ու ունեցվածքին Լաչինի շրջանում սկսած 1992 թվականի մայիսի 17-ից՝ ստիպված լինելով հեռանալ Արցախյան պատերազմի պատճառով: