15-09-2014 13:42

Կովկասում պատերազմ հրահրելու իսլամիստների սպառնալիքներն այս պահին չեն իրագործվի.արաբագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը արաբագետ Արմեն Պետրոսյանը կարծիք հայտնեց, թե Հյուսիսային Կովկասում պատերազմ հրահրելու Իսլամական պետության զինյալների՝ Մոսկվային ուղղված սպառնալիքներն այս պահին չեն իրագործվի, դրանք այլ նպատակ ունեն: «Կովկասը Ռուսաստանի՝ մուսուլմաններով բնակեցված ամենամեծ շրջանն է: Այս կառույցի շրջանակներում այդ հատվածներից մեծ թվով մարդիկ կան, ինչը լուրջ ներուժ է, և կոնկրետ թիրախավորման դեպքում կարող են լուրջ գործողություններ իրականացնել»,- ասաց Արմեն Պետրոսյանը: Արաբագետի խոսքով՝ նման  գործողության միտումներ կան, սակայն առայժմ հնարավորություններն են բացակայում: Առավելագույն բանը, որ կարող է անել այդ կառույցը Ռուսաստանի, ինչպես նաև արտաքին մյուս ուժերի դեմ, ահաբեկչական գործողությունն է: «Նման հայտարարության հիմնական նպատակը մշտապես ռեյտինգային թեմա ստեղծելն է թե ԶԼՄ-ների, թե դիվանագիտական դաշտում: Սա նրանց կողմից գործելաոճ է, որի նպատակը համայն աշխարհի ուշադրության կենտրոնում լինելն է»: Անդրադառնալով Իսլամական պետության դեմ ԱՄՆ-ի կողմից լիարժեք միջազգային կոալիցիա ձևավորելու փորձերին, Արմեն Պետրոսյանը նկատեց, որ դեռևս լուրջ արձագանք չի լսվել, անգամ Մեծ Բրիտանիան, Գերմանիան չեն խոսում ԱՄՆ ռազմական հարվածնմերին աջակցելու մասին: