Բավ է պառակտվել
19-05-2014 14:52

Սիրիահայերի վիճակը բավական լուրջ է ու անմխիթար. արաբագետ

«Ամենայն հավանականությամբ արդեն մոտ ապագայում ռազմական գործողությունների թատերաբեմը Սիրիայում կտեղափոխվի երկրի հարավ՝ Հորդանանին սահմանակից շրջաններ, որտեղ փետրվար ամսից, երբ պարզ դարձավ որ սիրիական թնջուկի քաղաքական հանգուցալուծումը մտնում է փակուղի, սիրիական վարչակարգի տարածաշրջանային հակառակորդները ձեռնամուխ եղան, այսպես կոչված, «Հարավային ճակատի» ձևավորմանը»,-gisher.news-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: արաբագետը նշեց, որ արդեն  Հորդանանի հյուսիսից ստացվող տեղեկությունների համաձայն, սիրիական գործող վարչակարգի դեմ թշնամաբար տրամադրված Պարսից Ծոցի արաբական միապետություններին՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, հաջողվել է «Հարավային ճակատում» համախմբել շուրջ 30 հազար վարձկանների՝ հիմնականում Հորդանանից,Լիբիայից, Եգիպտոսից և մի շարք այլ արաբական պետություններից. զինյալներին մարզում են Հորդանանի հյուսիսում տեղակայված ամերիկացի զինվորականները: ««Հարավային ճակատի» վերջնական թիրախն է համարվում մայրաքաղաք Դամասկոսը. ակնկալվում է, որ միաժամանակ կակտիվանան գործողությունները նաև Արաբական Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Իսրայելին սահմանակից շրջաններում, որտեղից, ըստ փոխշահավետ պայմանավորվածությունների, հակակառավարական խմբավորումներին թիկունքային աջակցություն կցուցաբերեն իսրայելական ռազմական ստորաբաժանումները»,-մանարամասնեց փորձագետը: Զուգահեռաբար, ըստ Արմեն Պետրոսյանի,  իրավիճակը կշարունակի լարված մնալ Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում: «Մի բան ակնհայտ է՝ կանխատեսելի ապագայում սիրիական հիմնախնդրի քաղաքական կարգավորման բացակայության պայմաններում, ներսիրիական հակամարտ կողմերի, ինչպես նաև նրանց արտաքին հովանավորների համար հարաբերությունները պարզելու միակ հարթակը դարձյալ կդառնա ռազմադաշտը»,-նշեց Արմեն Պետրոսյանը: Անրադառնալով տեղի, մեր հայրենակիցների վիճակին, արաբագետն ընդգծեց, ասելով, թե իրկանում վիճակը բավական լուրջ է ու անմխիթար.  «Նույնիսկ Հալեպի արևմտյան շրջանների բնակչները ջուր չունեն, էլեկտրականությունն են պարբերաբար անջատում»,-նշեց զրուցակիցս ու հիշեցրեց վերջին երկու օրերի ընթացքւմ զոհված ու վիրավորված հայերի մասին:

Տաթև Առաքելյան