Բավ է պառակտվել
30-06-2014 12:48

Այսօր Հերոս սերժանտ Արմեն Հովհաննիսյանը դառնում է 20 տարեկան

Այսօր, Ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը դառնում է 20 տարեկան:


Մինչև զորակոչվելն Արմենը սովորում էր Մշակույթի պետական քոլեջի վերջին կուրսում։ Զբաղվում էր քանդակագործությամբ, աշխատում էր կահույքի արտադրամասում: Ցանկանում էր օպերատոր դառնալ ու ծառայությունն ավարտելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը։ Այս օրերին Արմեն Հովհաննիսյանը կզորացրվեր:

Սակայն…
Սակայն հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23։ 50-ից մինչև 00։ 15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում հակառակորդը դիվերսիայի փորձ արեց:


Դիվերսանտները թվով մոտ երեք տասնյակ էին՝ հատուկջոկատայիններ: Արմենն ու դիրքի անձնակազմի մյուս տղաները զգոն էին: Դիվերսիան հետ մղվեց: Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանն, ով առաջինն էր նկատել հակառակորդի առաջխաղացումը՝ զոհվեց: ՀՀ Նախագահի որոշմամբ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի և «Արիության համար» մեդալներով: