Բավ է պառակտվել
15-10-2016 13:47

Հայաստանում ձմեռային բաճկոնները հագնելու ժամանակն է

Հոկտեմբերի 17-ին Ուրալի տարածքից Հայաստան է ներթափանցելու արկտիկական ճակատ, որը երկրում կմնա մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ, Facebook-ի իր էջում գրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Օդերևութաբանը վարորդներին հորդորում է հոկտեմբերի 17-19-ին հատկապես Արցախ, Սյունիք, Լոռի և Տավուշ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ըստ Սուրենյանի, ամենացուրտ օրը կլինի հոկտեմբերի 18-ը: Հոկտեմբերի 17-18-ին, 16-ի հետ համեմատած, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 15-20 աստիճանով, իսկ մյուս մարզերում 8-10 աստիճանով: Հոկտեմբերի 17-19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի բոլոր այն բնակավայրերում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1000մ-ից բարձր բարձրության վրա սպասվում են ձյան առատ տեղումներ, մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:

Արագածոտնի, Կատայքի և Վայոց Ձորի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում ձյան տեղումները կլինեն թույլ, իսկ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում, Վայոց Ձորի նախալեռներում ինչպես նաև Երևանում սպասվում է թույլ անձրև:

Ցիկլոնի ազդեցությունը գրեթե չի զգացվի միայն Շիրակում, այստեղ տեղումների հավանակնությունը շատ փոքր է:

Հոկտեմբերի 20-ից ցիկլոնը կթուլանա և օդի ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կբարձրանա: