Բավ է պառակտվել
08-05-2015 11:42

ՀՅԴ-ն ՍԴ բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ ներկայացրել է

Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դրվելիք նախագծի վերաբերյալ Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը առաջարկներ ներկայացրել է: Այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նշենք, որ մայիսի 5-ը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետն էր: Դաշնակցականն ասաց, որ Դաշնակցության տեսակետը չի փոխվել և իրենք պնդում են, որ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելը ճիշտ է: «Մենք հետևողականորեն աշխատել ենք այդ ուղղությամբ, ներկայացրել ենք արդեն տասը կետեր, այս ընթացքում հանդիպում ունեցել ենք նախագահի հետ, ՍԴ նախագահի հետ, շատ կոնստրուկտիվ քննարկումներ են եղել»,- ասաց նա` նշելով, որ ապագայում պարզ կլինի, թե որքանով են ընդունելի եղել իրենց առաջարկները: