06-10-2014 13:30

Կարտոֆիլը դարձել է նրանց միակ ուտելիքը. առևտրականներն անորոշության մեջ են


Հայաստանում սոցիալական խնդիրների պատճառով մարդիկ լքում են երկիրը: Հատկապես վերջին ամիսների ընթացքում միգրացիան կտրուկ աճում է, ինչից ակտիվորեն ոգևորվում են ադրբեջանական իշխանությունները: Վերջին մեկ տարվա ընթացքում հասարակությունն ավելի ընդվզող է դարձել: Քաղաքացիական ակտիվիստները համառորեն պայքարում են տրանսպորտի թանկացման, օրենքների ինչչպես նաև բնապահպանական խնդիրների դեմ: Իսկ անցյալ շաբաթ ոտքի կանգնեցին առևտրականները: Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։
ՀՀ կառավարության շենքի առջև շուրջ երկու օր, մոտ 300 առևտրական բողոքի ակցիա անցկացրեցին, այնուհետև այն շարունակվեց ՀՀ ԱԺ շենքի մոտ: Բայց ինչպես երևում է այս ընդվզումն անարդյունք եղավ, քանի որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ օրենքը մնալու է անփոփոխ:
News.gisher.ru-ի հետ զրույցում պարոն Ռուդոլֆը, ով արդեն 15 տարի զբաղվում է կաշվե հագուստի վաճառքով նշեց, որ այս օրենքն իրենց համար հարված էր.՛՛ Ստացվում է այնպես, որ պետությունը թալանում է սեփական ժողովրդին, մեր հաշվին լցնում են ուրիշի գրպանը՛՛.-բավականին դրտնեղած նշեց պարոն Ռուդոլֆը և հավելեց, որ այժմ առևտրով չի զբաղվում.՛՛Տղաներս լավ պաշտոնի են, ես չաշխատելով սոված չեմ մնա՛՛:
Իսկ ահա տիկին Աննան, ով 30 տարեկան է` News.gisher.ru-ի հետ զրույցում ասաց, որ ապրում է սոցիալապես անապահով պայմաններում.՛՛ Ամուսինս լքել է ու բնականաբար պատճառը Ռուսաստան գնալն էր: Չեմ հասկանում, Ռուսաստանի կանանց վրա մե՞ղր է քսած, գնում են՝ էլ հետ գալ չկա: Առևտրով զբաղվում էր, դե նենց չի, որ հարուստ էի, բայց աղջկաս պահում էի, հագուստ էի վաճառում, բայց էնքան հարկ վզիս դրեցին, որ շվարել եմ՛՛.-ասաց Աննան ու արցունքն աչքերին նշեց, որ հույս ունի՝ ՀՀ վարչապետը սառը չի դատի, այլ խորը մտածելով կընդառաջի իրենց:
Տիկին Աննայի տունը Սարի թաղում է, երկու սենյականոց, հին ու ճաքած պատերով: Աղջիկը՝ Ալինան 8 տարեկան է, հագին գեղեցիկ շրջազգեստ էր.՛՛ Մայրկս է Թուրքիայից բերել՛՛,-ասաց նա ու նշեց, որ ամեն անգամ մայրն իր համար հագուստներ է բերում, իսկ ահա հայրն ՝ անգամ մեկ կոնֆետ չի ուղարկել իրեն:
Նրանց տնից խոնավության սուր հոտ էր գալիս, գազօջախին կարտոֆիլ էր խաշվում.՛՛ Կարտոշկան դարձելա մեր միակ ուտելիքը, համաձայն եմ մենակ էս ուտեմ, բայց օլիգարխների գրպանը չեմ լցնի՛՛,-նշեց Աննան և հավելեց, որ ամուսնացել է սիրելով, ապրել է երջանիկ, բայց երբ 4 տարի առաջ ամուսինը որոշեց մեկնել Ռուսաստան ու խոստացավ, թե իրեն ու աղջկան էլ կտանի՝ կյանքը խորտակվեց.՛՛ Ես հասկացա, որ սիրուհի ունի, էլ իրա ինչի՞ն էի պետք, սիրուհին իրան ամեն ձև բավարարումա, իսկ ես՝ փող եմ ուզում, ինքը տենցա մտածում՛՛:


Մեզ հետ զրույցում Աննան նշեց, որ ցանկանում են ակցիաները շարունակեն, սակայն առևտրականներից շատերն արդեն իսկ ոգևորված չեն ու պայքարից հետ են կանգնել:
՛՛Դե ես էլ ինչ որ խանութում կաշխատեմ, ուղղակի էտ դեպքում քիչ փող կվաստակեմ, բայց դե ներվերս տեղը կլինի՛՛,-նշեց տիկին Աննան ու հավելեց, որ ցանկանում է ամուսնու մասին խոսել, հույս ունենալով , թե նա կկարդա այս հոդվածը. ՛՛ Եթե հիմա հետ գա, ես նրան կներեմ ու կընդունեմ, կինը միշտ էլ տղամարդու կարիք է զգում, ուժի պակաս կա իմ կյանքում, ես արտասվում եմ նրա համար, քանի որ չեմ հասկանում, թե ոնցա ստացվում, որ սիրելով ամուսնանում են ու հետո դավաճանում՛՛,-ասաց տիկինը ու արցունքն աչքերին ասաց, որ եթե իր ամուսինը կողքին լիներ, այսօր ստիպված չէր լինի ընկնել ակցիաների մեջ ու տղամարդու պես պայքարեր: