22-09-2014 11:44

Գլխավոր դատախազության կողմից խախտվել է Վանաձորի բնակչուհու իրավունքը.ՄԻՊ

Գլխավոր դատախազության անբավարար վերահսկողության հետեւանքով խախտվել է Վանաձորի բնակչուհու իրավունքը: Այդ մաիսն հայտնում են Պաշտպանի աշխատակազմից: «Կինը Գլխավոր դատախազին հայտնել էր, որ ամուսինը կոտրել է իրենց բնակարանի դռան կողպեքը, տան իրերը հավաքել հյուրասենյակում ու այրել: Այսպիսով, համատեղ սեփականությամբ իրենց պատկանող գույքը տնօրինելու մասին վեճը դատական կարգով լուծելու փոխարեն՝ տղամարդն ինքնագլուխ որոշել է գույքի ճակատագիրը՝ կնոջը զրկելով համասեփականատիրոջ իրավունքներից: Սակայն թե′ հետաքննության մարմինը, թե′ Դատախազությունը հանցագործության մասին կնոջ հաղորդման հիման վրա մերժել են հարուցել քրեական գործ՝ պատճառաբանելով, որ վնասված ու ոչնչացված գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանել է միայն ամուսիններին:Տուժած կինը խնդրի վերաբերյալ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: Գործն ուսումնասիրելուց հետո Պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտնաբերած խախտումների մասին գրությամբ հայտնել է Գլխավոր դատախազությանը, որը, սակայն, չի ընդունել դրանց առկայության փաստը: Մինչդեռ, քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում ինքնիրավչության համար: Դա հաշվի առնելով՝ քննիչը պետք է քննարկեր տղամարդու արարքում ինքնիրավչության հանցակազմի առկայության հարցը, ինչը չի արել: Իսկ դատախազը պետք է վերացներ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ հարուցեր քրեական գործ: Դատախազությունը եւս դրսեւորել է անթույլատրելի անգործություն:

Արդյունքում Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում: Գլխավոր դատախազության ոչ բարեխիղճ գործողությունների հետեւանքով կինը զրկվել է իրավական արդյունավետ պաշտպանության հնարավորությունից: Պաշտպանը Գլխավոր դատախազությանը հորդորում է քննարկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու հարցը եւ կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում կատարած դատախազին»,- նշվում է հայտարարության մեջ: