03-08-2014 13:46

Ադրբեջանը ողջ գիշեր շարունակել է խախտել հրադադարը.ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան facebook-յան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, թե այս գիշեր ադրբեջանական զինուժը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը: News.gisher.ru-ն մեջբերում է գրառումն ամբողջությամբ.
«Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում: Հիմնականում կիրառվել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբաղյան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 893 անգամ, որից 839 անգամ` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 8926 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 175 անգամ, որից 159 անգամ` ղարաբաղյան հատվածում: Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3015 կրակոց:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում»: