13-01-2014 16:07

Արցախի վարչապետը այցելել է Քաշաթաղի շրջան

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հունվարի 11-ին այցելեց Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատված՝ կատարված աշխատանքների արդյունքներին ծանոթանալու եւ առկա խնդիրները բնակչության ու շրջանի ղեկավարության հետ քննարկելու նպատակով:

Արցախի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետը եղավ մի շարք համայնքներում, մասնավորապես, այցելեց Բազմատուս բնակավայրում գտնվող անասնաֆերմա, որտեղ նրան ներկայացվեցին ֆերմայի հնարավորությունները եւ անասնաբուծության զարգացման համար առկա պայմանները: Արտաշավի եւ Վարդուտ համայնքներում Գործադիրի ղեկավարը ծանոթացավ նորակառույց դպրոցների պայմաններին՝ կարեւորելով դպրոցաշինության դերը շրջանի զարգացման գործում, միեւնույն ժամանակ շեշտադրելով, որ դրա արդյունավետությունը կախված է նաեւ ժողովրդագրական աճից: Շալուա համայնքում վարչապետը, շրջանի ու շրջակա համայնքների ղեկավարների եւ դպրոցների տնօրենների մասնակցությամբ, հրավիրեց քննարկում-խորհրդակցություն:

Անդրադառնալով Քաշաթաղի այդ հատվածում վերջերս կատարված աշխատանքներին՝ Ա. Հարությունյանն ընդգծեց որոշ գյուղերի էլեկտրամատակարարման ցանցերի կառուցման եւ բնակարանաշինության ու դպրոցաշինության ծրագրերի առանցքային դերը: Վարչապետը կարեւորեց նաեւ անասնաբուծության խթանմանը միտված պետական աջակցող ծրագրերի նշանակությունը՝ մատնանշելով տեղում անասնաբուծության ու մեղվաբուծության զարգացման հսկայական ներուժը: Նա կոչ արեց բնակչությանը՝ ավելի նախաձեռնող լինել հնարավորությունների օգտագործման հարցում եւ խոստացավ օժանդակել այդ ոլորտներին տրամադրվող պետական աջակցության ծավալների մեծացմանը: Ժողովրդագրական աճը համարելով Արցախի ապագայի հենասյուներից մեկը՝ կառավարության ղեկավարը հատուկ ընդգծեց նաեւ բազմազավակության խթանման ծրագրերի կարեւորությունը:

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք գլխավորապես վերաբերում էին խմելու եւ ոռոգման ջրերի համակարգերին, տնտեսական զարգացման հեռանկարներին, բնակարանաշինությանն ու դպրոցաշինությանը եւ մի շարք այլ հիմնախնդիրների: Գործադիրի ղեկավարը տեղում տվեց հանձնարարականներ՝ բարձրացված որոշ խնդիրների լուծման նպատակով: Ա. Հարությունյանի խոսքով՝ Քաշաթաղի շրջանի կայուն զարգացումը կշարունակի մնալ կառավարության հատուկ ուշադրության ներքո, համարվելով ռազմավարական հարց Արցախի համար:

Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում էին արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը եւ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: